ԿարևորՀասարակություն

Ո՞ր ուսանողները կօգտվեն կառավարության աջակցության ծրագրից

Ուսանողները ուսումնառության ընթացքում մայր գումար չեն վճարելու եւ կվճարեն միայն տոկոսագումարները, իսկ 80 եւ ավելի միջին որակավորման գնահատական ունեցողները վճարումներ կսկսեն անել միայն, երբ կավարտեն ու աշխատանք կունենան: Այսօր հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետեւանքները վերացնելուն ուղղված կառավարության 14-րդ ծրագիրը: Ուսանողությանը հասցեագրված միջոցառումների ծրագիրը գործելու է մայիսի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը: Այդ ընթացքում աջակցության միջոցառումներ են նախատեսված երեք խմբերի ուսանողների համար՝ կախված իրենց ցուցաբերած առաջադիմությունից:

Ընդհանուր առմամբ, 80 եւ ավելի տոկոս միջին որակավորման գնահատական ունեցող ուսանողների համար զրոյացվում են գործող եւ նոր վարկերի տոկոսադրույքները,  մյուսների համար դրանք լինելու են 4 տոկոս: Առավել հեշտացվել է նոր ուսանողական վարկ ստանալու ընթացակարգը եւ նոր ուսանողական վարկերն էլ կտրվեն նույն համամասնությամբ:

Այսպիսով, այն քաղաքական հանձնառությունը, որ բարձր առաջադիմություն ունեցող որեւէ ուսանող ուսման վարձը չվճարելու համար չի հեռացվի բուհից, 100 տոկոսով կատարվում է՝ արձանագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կորոնավիրուսի հետեւանքով տնտեսական ճգնաժամի ազդեցությունը, բնականաբար, չի շրջանցել նաեւ ուսանող ունեցող ընտանիքներին:   

«Կարծում եմ, միանշանակ կա ուսանողական վարկերից օգտվելու անհրաժեշտությունը, քանի որ կորոնավիրուսի հետեւանքով ճգնաժամային իրավիճակը գրեթե բոլոր ընտանիքներում է: Ուսանողներն էլ այսօր, կարելի է ասել, առաջին խոցելի խմբում են գտնվում՝ վարձավճարների հետ կապված»,- մեզ հետ զրույցում ասաց ուսանող ունեցող ընտանիքի անդամներից մեկը։

Կառավարության ընդունած 14-րդ ծրագրով, որն աջակցություն է ենթադրում բուհական եւ հետբուհական կրթություն իրականացնողներին եւ բուհերում սովորող ուսանողներին, հնարավոր շահառուները բաժանված են երեք խմբերի:

Թե ովքեր կարող են օգտվել կորոնավիրուսի առաջացրած դժվարություններով պայմանավորված ծրագրից՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր մանրամասնեց: Նախ՝ որոշումը տարածվում է ՀՀ քաղաքացի ուսանողների վրա, որոնք սովորում են որոշմանը կից ցուցակում ընդգրկված բուհերի առկա ուսուցման վճարովի համակարգում՝ բակալավրիատի, մագիստրատուրայի եւ կլինիկական օրդինատուրայի ավարտական կուրսերում:  

«Որոնց հանրագումարային միջին որակական գնահատականը՝ ՄՈԳ-ը, ուսումառության սկզբից մինչեւ 2019-20 թթ.-ի ուսումնական տարվա առաջին կիսամյակի ավարտը կազմում է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 90 տոկոսը»,- նշեց ԿԳՄՍ նախարարը:

Երկրորդ խմբում բացառությամբ ավարտական կուրսերի ուսանողներից, բոլոր կուրսերի ուսանողներն են, որոնց ՄՈԳ-ը նույն ժամանակահատվածի համար կազմում է 90 եւ ավելի տոկոս: Նրանց տրվում է ուսումնական վարձի 70 տոկոսի չափով փոխհատուցում:

«Ընդ որում, այս խմբի այն սովորողները, որոնք ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով 19-20 ուստարում ստացել են պետության կողմից ուսման վարձի փոխհատուցում, սույն միջոցառման շրջանակներում փոխհատուցումը տրամադրվում է կիսամյակի ուսման վարձի մնացորդային գումարի 100 տոկոսի չափով: Եվ երկրորդը՝ եթե մասնակի կամ ամբողջությամբ վճարել են 19-20 թթ ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձը, այդ չափով կատարված վճարումը համարվում է հաջորդ կիսամյակի ուսման վարձի դիմաց կատարված վճարում»,- նշեց Արայիկ Հարությունյանը:

Երրորդ խմբի մասին.

«Երրոդ խմբում պետական եւ պետական հավատարմագրում ունեցող բուհերի բակալավրիատի, մագիստրատուրայի և կլինիկական օրդինատուրայի առկա եւ հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող ՀՀ քաղաքացի հանդիսացող ուսանողներն են՝ ուսանողական վարկերի մասով»,- հավելեց նախարարը:  

Այս դեպքում ավարտական կուրսերի ուսանողների համար 19-20 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձն ամբողջությամբ փոխհատուցվում է: Եթե օրենսդրությամբ սահմանված կարգով որեւէ ուսանող արդեն ստացել է 19-20 թթ համար ուսման վարձի պետական փոխհատուցում, ապա նրանց կտրամադրվի  կիսամյակի ուսման վարձի մնացորդային գումարի չափով փոխհատուցում: Մյուս դեպքերում երկրորդ կիսամյակի վարձը մասնակի կամ ամբողջությամբ վճարած լինելու դեպքում՝ գումարը վերադարձվում է ուսանողին:

Այստեղ մի քանի որոշակի կետերով կարգավորումներ նույնպես կան: Սահմանվել են նաեւ նոր ուսանողական վարկերի արտոնություններ: 80 եւ ավելի միջին որակավորման գնահատական ունեցող ուսանողների համար՝ 0 տոկոս, իսկ 80-ից ցածրի դեպքում՝ 4 տոկոս կկազմի ուսանողական վարկի տոկոսադրույքը: Նույն համամասնությամբ փոխվելու են նաեւ արդեն եղած ուսանողական վարկերը: Այս դեպքում պետությունն է սուբսիդավորելու՝ մայիսի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար:

Վարչապետ Փաշինյանն էլ իր հերթին հստակեցրեց. «Իսկ հեռակայինն էլ՝ վարկերը, ըստ ՄՈԳ-ի, արդեն 80-ից բարձրը՝ 0 տոկոս, 80-ից ցածրը՝ արդեն որոշակի տոկոսներով: Մենք պայմանավորվեցինք նաև, որ ուսանողական վարկերի տրամադրման կարգերը կհեշտացվեն»:    

Այս պահին կա 11150 գործող վարկ՝ տեղեկացրեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը՝ հավաստիացնելով, որ ուսանողական վարկերի գործընթացը բավականին հեշտացվել է՝ հասանելի դառնալով բոլոր ուսանողների համար: Օրինակ, այլեւս չեն պահանջվելու նոտարով հաստատված երաշխավորություններ: ԿԲ նախագահը բացառեց, որ որեւ ուսանող դիմի ուսանողական վարկի համար ու մերժում ստանա:

Իմ զրուցակից ուսանողուհին, մինչդեռ, կարծիք հայտնեց, որ առավել խոցելի խմբի ուսանողները կրկին դուրս են մնում աջակցությունից: Իր օրինակով էլ հիմնավորեց՝  հեռակա սովորում է ԵՊՀ-ում, երրորդ բարձրագույն կրթությունն է ստանում, երկու անչափահաս երեխա ունի, բայց, միեւնույնն է, որեւէ կերպ աջակցության ծրագրում չի տեղավորվում:   

«Ծանոթացա այսօրվա որոշման հետ: Փաստորեն, այն ուսանողները, ովքեր կարող են օգտվել այնտեղ նշված պայմաններից, կարելի է ասել, արդեն իսկ օգտվում էին: Այսինքն, այն, ինչը որ խոցելի խմբի վրա կարող էր տարածվել, էլի դուրս է մնում այս ծրագրերից: Միայն վարկերի միջոցով պետք է կարողանա էլի հոգալ իր ծախսերը: Ցանկալի էր, որ եւս փոխհատուցվեր, ոչ թե մի քանի տոկոս կամ ավել« կամ պակաս վարկ տրամադրեին»: 

Ստացվում է այնպես, որ պետությունը պարտքով գումար է տալիս եւ խնդիր է, թե  ինչպե՞ս պետք է վաղը ուսանողը վերադարձնի այդ պարտքը պետությանը, երբ գալու է արդեն հաջորդ կիսամյակը՝ հռետորական հարցադրմամբ եզրափակեց նա: 

Back to top button