ԿարևորՀասարակություն

Ապրիլի 24- ին Ցեղասպանության հուշահամալիր կգնանք վիրտուալ

1967  թվականից սկսած առաջին անգամ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունքը դատարկ կլինի։ Տարվա ամենամարդաշատ միջոցառումն այս անգամ տեղի կունենա  երկրի բարձրաստիճան պաշտոնյաների ու միջոցառման  խիստ սահմանափակ թվով մասնակիցների ներկայությամբ։

Այսօրվանից սկսած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր տանող ճանապարհը մինչև ապրիլի 24–ը ներառյալ կլինի փակ՝ տարածքը կվերահսկեն ուժային կառույցների ներկայացուցիչները։

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ներկայացնում  է Հայաստանում ու Սփյուռքում ապրող հայերի վիրտուալ ու ոչ ֆիզիկական ներկայությամբ միջոցառումների հերթականությունը։

Ամեն ինչ կսկսվի ապրիլի 23-ին երեկոյան՝ 21։00–ին։ Նախ եկեղեցական զանգերի ղողանջներ կհնչեն, որոնց ներքո կանջատվեն Երևանի ու մարզկենտրոնների փողոցային բոլոր լույսերը, կխրախուսվի, որ քաղաքացիներն էլ իրենց հերթին անջատեն սեփական տան լույսերը։

«Ապրիլի 24-ի առավոտյան 08։00-ից սկսած քաղաքացիները կարող են 1915 կարճ համարին  հաղորդագրություն ուղարկել իրենց անվամբ` հաստատելու օրվա խորհրդին իրենց հեռակա մասնակցությունը»,- ասում է Էդուարդ Աղաջանյանը։

Ապրիլի 24-ին բոլոր ցանկացողները կկարողանան այցելել նաև Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտ։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասում է, արդեն մեկ ամիս է թանգարանն ստեղծված իրավիճակով պայմանավորված «տեղափոխվել է» առցանց հարթակ, առաջիկա օրերին, պարզ է, այցելությունների թիվը կմեծանա։

«Առցանց ուղեկցողը ցույց կտա բոլոր այն մութ անկյունները, որոնք չեն տեսնում մեր քաղաքացիները»,– նշում է Արայիկ Հարությունյանը։

Ձևաչափը, որն ընտրվել է, կպահպանի այս օրվա խորհուրդը, կպահպանի խորհրդի հզորությունը, ասում է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Արտակարգ դրությամբ պայմանավորված օրվա խորհուրդն իր ուժը ոչ միայն չի կորցնի, այլ նաև էլ ավելի հզոր կդառնա։ 105 տարի անց էլ հայ ժողովուրդը շարունակում է պայքարել իր արդարության վերականգնման համար։

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը միայն հայ ժողովրդին վերաբերվող հարց չէ, Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր գործիք ու կարևոր քայլ է ցեղասպանությունների ու մարդկության դեմ ոճրագործությունների կանխարգելման առումով։

«Այսօր հայ ժողովրդի ջանքերը համալրվում են այդ քայլերի միջազգային ճանաչման գործընթացի միջոցով։ Եթե ոճրագործը ենթադրում է, որ այդ ոճիրը կարող է մնալ անպատիժ, ապա այդ ոճիրը կարող է կրկնվել»,–ասում է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Այն, որ այս ձևաչափը բարոյական մասնակցության հնարավորություն կտա, կարևորում է նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար  Զարեհ Սինանյանը։

Հայաստանի և Երևանի «քնելուց հետո» Սփյուռքի ՝գոնե արևմտյան մասը հնարվորություն կունենա հենց ապրիլի 24–ին իրենց ժամով մասնակցելու միջոցառումներին։

«Արտերկրում Ցեղասպանության ճանաչումն ինքնանպատակ չէ, իրականում այն մեծ և հզոր գործիք է անուղղակիորեն Թուրքիայի վրա ճնշում բանեցնելու համար»,– ասում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար  Զարեհ Սինանյանը։

Վիրտուալ, թե ոչ, ֆիզիկական ներկայություն ապահովելով, թե առանց դրա, ապրիլի 24–ը  հայ ժողովրդի համար արդարության վերականգնման պայքարի օր է։

Back to top button