Թաթուլ Կրպեյանը սերունդներին թողեց ազգային միասնության մեծ խորհուրդ. Դավիթ Տոնոյան


ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի 55-ամյակի կապակցությամբ:
«Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնելու: Հողի, ազգի համար»: Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի այս խոսքերը մարմնավորում են ոչ միայն նրա հավատամքն ու հերոսաբար ապրած կյանքի խորհուրդը, այլև մեր ազատագրական պայքարն ու Արցախյան գոյամարտը հաղթած սերնդի գաղափարախոսությունը՝ ասված է ուղերձում:
Թաթուլ Կրպեյանը Արցախյան շարժման ամենավառ դեմքերից էր: ԵՊՀ պատմության ֆալուլտետի ուսանողը առաջիններից մեկն էր, որ անդամագրվեց Արցախը Հայաստանին վերամիավորելու պահանջին, դարձավ «Միացում» կազմակերպության անդամ՝ ուսանողության գաղափարական առաջամարտիկը:
Երբ սկսվեցին սահմանային ընդհարումները, Թաթուլ Կրպեյանի պայքարը շարունակվեց զենքով: Նա ղեկավարեց Գետաշենի ենթաշրջանի զինված ինքնապաշտպանությունը:
Թաթուլ Կրպեյանը զենքը ձեռքին հայրենիքը պաշտպանելուն զուգընթաց պատմություն էր դասավանդում Գետաշենի դպրոցներում, բանաստեղծություններ գրում ու ապրում էր հզոր, արդար ու պաշտպանված Հայաստանի երազանքով:
Թաթուլ Կրպեյանը զոհվեց 1991 թվականի ապրիլի 30-ին, փլուզվող Խորհրդային Միության բանակի և Խորհրդային Ադրբեջանի ՆԳՆ կողմից իրագործված տխրահռչակ «Կոլցո» գործողության ժամանակ:
Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը հայոց գալիք սերունդներին թողեց հայրենիքի փրկության նժարին ամենաթանկը դնելու պատգամն ու ազգային միասնության մեծ խորհուրդը: Հերոս-մտավորականի նրա առինքնող կերպարը ոգեշնչելու և արիացնելու է հայոց բազում սերունդների: