ԿարևորՀասարակություն

Պլանշետներ և համակարգիչներ՝ անապահով ընտանիքների երեխաներին

Հեռավար ուսուցման ընթացքում շատ դպրոցականներ տեխնիկական պատճառներով դուրս են մնացել ընդհանուր կրթությունից, որոնք սոցիալական խնդիրների հետևանք են:  Այս խնդրին արձագանքել է կրթության և գիտության նախարարությունը՝ հավաքագրելով համակարգիչներ, պլանշետներ: Արմավիրի մարզին հատկացվել է 56 համակարգիչ:

Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի  պաշտոնակատար Սոնյա Բուդաղյանի խոսքերով՝ Արմավիրի մարզում հեռավար կրթությունից քչերն են դուրս մնացել, մոտավոր հաշվարկով՝ 2000 աշակերտ: Ստացված պլանշետ-համակարգիչները  հատկացրել են այն  ընտանիքներին, որտեղ կա  4 և ավելի դպրոցական.

«Հատկացվել է միակողմանի ծնողազուրկ երեխաներին, հատկացվել են գյուղաբնակ 4, 5, 6 երեխաներ ունեցող ընտանիքներին և, բնականաբար, այն ընտանիքներին, որոնք  շատ անապահով են: Արմավիր 3-ին ենք տվել, Խանջյան, Բամբակաշատ, Լենուղի, Վանանդ և այլն»:

Վանանդի դպրոցի տնօրեն Հայկ Խաչիկյանը  դպրոցին նվիրաբերված  նոր պլանշետը մինչև հեռավար դասերի ավարտը ստացականով   հանձնել է  ընտանիքում 5 դպրոցական ունեցող ծնողի: «5 երեխուց 2 քույրը մի դասարանում են, 2 քույրը՝ մի, բայց որոշակի զուգադիպություններ էլ կան»:

Զուգադիպությունները նույն ժամին տարբեր դասարաններում ընթացող դասերն են: Այս դեպքում տնօրենը ուսուցիչներին առաջարկել է դասերն անցկացնել  օրվա տարբեր ժամերին, որպեսզի մեկ տեխնիկայից օգտվող ընտանիքի երեխաները  նույնպես  մասնակցեն. «Ուսուցիչներ կան 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 8-ին նոր սկսում են, այսպես ավելի շատ է երեխաների  ներգրավվածությունը»:

Վանանդի դպրոցում սովորում է 173 աշակերտ, համակարգիչ ստանալու համար ներկայացվել է ևս 4 ընտանիքի հայտ, որից 2-ում չորսական դպրոցահասակ երեխաներ են,  2-ում՝ երեքական: Մեկ պլանշետ էլ հատկացվել է Արմավիրի թիվ 3 դպրոց հաճախող 6 երեխա ունեցող բազմազավակ ընտանիքին: Դպրոցի տնօրեն Արմեն Բաղդասարյանը նշում է, որ իր դպրոցում բազմազավակ ընտանիքների երեխաներ շատ կան.

 «Այդ ընտանիքից 6 աշակերտ է հաճախում դպրոց: Էլի ունենք բազմազավակ ընտանիքներ, 4 երեխա ունեցող, 3 երեխա ունեցողներն ավելի շատ են, բայց առայժմ այդ մեկն են տվել: Ընտանիք ունենք մի երեխա է հաճախում, բայց ծայրահեղ անապահով վիճակում են, սիստեմատիկաբար չեն մասնակցում, բայց լինում է, որ մասնակցում են ընկերուհու, ընկերոջ հետ»:

Պլանշետներից մեկն էլ բաժին է ընկել Լենուղու միջնակարգ դպրոցում սովորող 6 դպրոցական ունեցող մեկ  ընտանիքի: Դպրոցի տնօրեն Վաչագան Դանիելյանը խորհրդակցելով ուսուցիչների հետ՝ հանձնարարել է հետևել դասարաններում բոլոր աշակերտների մասնակցությանը:

«Ասել եմ անհատական մոտեցում ցուցաբերեն, եթե որևէ մեկը խնդիր ունի, ընտանիքի անդամները բազմազավակ են, նրանց առանձին զանգահարեն, հանձնարարությունը տան ու ստուգեն»:

Գաղտնիք չէ, որ դպրոցներում կան նաև չսովորող երեխաներ: Լիաննա Հակոբյանի 2 երեխաները չնայած տարիքային տարբերությանը՝ 10 և 13 տարեկան, սովորում եմ միևնույն 5-րդ  դասարանում:  Երբևէ չեն մասնակցել հեռավար դասերին:

«Երկու երեխա ունեմ դպրոցահասակ, ինտերնետ կապ չունենք, հեռախոս չունեմ: Ես դիմել եմ մարզպետարանին, մի քանի օր առաջ օնլայն գրություն եմ ուղարկել, որ խնդրում եմ աջակցել իմ երեխեքին, որ իրենք դպրոցից հետ չմնան, գոնե էս օնլայն ուսումից օգտվեն»:

Երեխաներն Արմավիրի  թիվ 10 դպրոցի աշակերտներ են, մեկ ամսվա ընթացքում դասերին չեն հետևել: Մայրն ասում է, որ որդին առողջական խնդիրներ ունի. «Վիրահատվել է 5 անգամ, նախքան իր 6 տարեկանը,  ասի քրոջ հետ գնա դասի, որ ինքը չկաշկանդվի:»

Երեխաները լավ չեն սովորում, տղան դասերից հաճախակի է բացակայում, աղջիկն էլ ասաց, որ այդքան էլ լավ չի սովորում:

Համակարգիչ ստանալու նպատակով չնայած ծնողը դիմել է մարզպետարան, սակայն Լիաննա Հակոբյանի հետ զրույցից պարզվեց, որ տանը սմարթ 2 հեռոխոս ունեն, բայց ինտերնետ չունեն: Հեռավար դասընթացներին միանալու համար օպերատորները ինտերնետին միանալու մատչելի տարբերակներ են առաջարկում, ասում է Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Սոնյա Բուդաղյանը:

Արմավիրի թիվ 10 դպրոցում քիչ չեն սոցիալապես անապահով ընտանիքները, որոնց սովորող երեխաները նույնպես դուրս են մնացել կրթությունից՝ շուրջ 40 երեխա: Տնօրեն Լիաննա Հայրապետյանը նպատակահարմար է գտնում առաջին հերթին այնպիսի երեխաներին ապահովել համակարգիչներով, որոնք մեծ ցանկություն ունեն սովորելու.

«Ես դպրոցում ունեմ հիմա 2 հաճախող երեխա, հայր չունեն, մայրը չի աշխատում, եղբայրը խնդիր ունի, քույրիկը 3-րդ դասարանում է սովորում, բացառիկ սովորող երեխա է: Ես նրան քայլող տաղանդ եմ ասում: Եթե համակարգիչ լինի՝ առաջինը նրան կտամ»:

Սովորել ցանկացողները գտնում են ելքը: Հանակարգիչ, հեռախոս, ինտերնետ  չունեցող երեխաները դասընկերների, հարևանների ու բարեկամների օգնությամբ են  մասնակցում դասերին: «Զումով կպնում ենք հարևանի կապին, դաս ենք անում: 2 քույր ենք, ժամանակ է լինում երկուսիս դասերն էլ միևնույն ժամին է լինում, բայց չենք խանգարում իրար: Ինտերնետը հարևանի ցանկությամբ է եղել, ինքն է տրամադրել, որ մենք օգտվենք: Մենք վարձով ենք ապրում»:

«Չորս երեխա ունեմ, վարձով ենք ապրում, դասերին  հիմի չեն կարողանում մասնակցել, որովհետև հնարավորություն չունենք, հետախոս չունենք, ուղղակի դասերի տեղը իմանում են, սովորում են երեխեքը: Դասերից հետ չեն ընկնում, սովորում են»:

Հաջորդիվ տրվող համակարգիչները նույնպես հատկացվելու են  մի քանի դպրոցական ունեցող բազմազավակ և անապահով ընտանիքներին:

Back to top button