ԿարևորՄիջազգային

Կորոնավիրուսը մտել է ադրբեջանական բանակ

Բաքուն օգտագործում է կորոնավիրուսի համաճարակը ընդդիմախոսներին հետապնդելու նպատակով․ սա հեղինակավոր Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության հայտարարությունն է` այս օրերին Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ։

Միաժամանակ փորձագետները փաստում են, որ համաշխարհային պանդեմիան հարևան պետության ղեկավարությունն օգտագործում է նաև ազգային փոքրամասնությունների դեմ։

«Ադրբեջանի իշխանությունները չարաշահում են կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում գործող սահմանափակումները և ձերբակալում են ընդդիմադիր ակտիվիստներին՝ փակելու կառավարության քննադատների բերանը»,- ասված է կազմակերպության հայտարարության մեջ։

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում առնվազն 10 ակտիվիստ ու մեկ լրագրող է ձերբակալվել տասն օրից մեկ ամիս ժամկետով՝ կարանտինը  խախտելու, ոստիկանությանը չենթարկվելու և այլ շինծու մեղադրանքներով։ Բոլոր հետապնդողներն ավելի վաղ քննադատել են ադրբեջանական կառավարությանը  կարանտինային կենտրոններում անտանելի պայմանների, խոցելի խավերին համարժեք փոխհատուցում չտրամադրելու համար։ Ինչպես գրում է ադրբեջանական եզակի ընդդիմադիր լրատվամիջոցներից մեկը՝  Meydan-TV-ն, ձերբակալվածների թվում անգամ մի տղամարդ կա, որին բերման  են ենթարկել քրոնիկ հիվանդություն ունեցող երեխային հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին։

«Այս ձերբակալություններն  ամբողջապես համապատասխանում են քաղաքական հաշվեհարդարի մոդելին»,- ասել է Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում HRW-տնօրեին տեղակալ Գեորգի Գոգիան` հավելելով, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է դադարեցնեն օգտագործել արտակարգ իրավիճակը որպես ազատ խոսքը ճնշելու պատրվակ։

«Կորոնավիրուսը լայն ընդգրկում ունի Ադրբեջանում և տարածվել է բոլորն շրջաններում ու մեծ քաղաքներում։ Չնայած նրան, որ  երկրի իշխանությունները  խոսում են վերահսկելիության մասին, կիրառվող կոշտ միջոցները վկայում են հակառակը»,-«Ռադիոլուրին» ասում  է տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը` նշելով․ դատելով սոցցանցերի տիրույթում առկա տեղեկատվությունից՝ վերջին շաբաթներին բազմաթիվ բողոքի գործողություններ են տեղի ունենում՝ հիմնականում սոցիալական բնույթի,  հիմքում դժգոհությունն է իշխանությունների գործողություններից, որոնք  համարժեք չեն ստեղծված իրավիճակին։

Փորձագետը նշում է նաև որ Ադրբեջանի իշխանությունները կորովիրուսով պայմանավորված դրությունն օգտագործում են նաև երկրի ազգային փոքրամասնությունների դեմ՝  կորոնավիրուսով հիվանդ ծանր պացիենտներին ուղարկելով հենց այդ շրջաններ։

«Բողոքի ակցիաներ կան Ադրբեջանի հարավային շրջաններում, որոնք ավելի շատ ազգային փոքրամասնություններով են բնակեցված։ Այնտեղ են Ադրբեջանի իշխանություններն ուղարկում ռիսկի խմբում գտնվող հիվանդներին, մեկուսացման ենթական անձանց։ Այդ մարդիկ էլ իրենց հերթին բողոքում են պայմաններից՝  չկան մինիմալ կենցաղային պայմաններ 14 օր մեկուսանալու համար։  Ադրբեջանի իշխանությունները  վարում են հետևյալ քաղաքականությունը․ փորձում են վիրուսը օգտագործել փոքրամասնությունների դեմ, որոնք գլխացավանք են դարձել իրենց  համար»,- ասում է Հովհաննիսյանը։

Այս պահին, Ադրբեջանի իշխանությունների ներկայացրած պաշտոնական տվյալներով, կորոնավիրուսով հիվանդների թիվը երկրում հասել է 1300-ի, մահացել է 13 մարդ։ Սա պաշտոնական վիճակագրությունն է, որը կարող է նաև չարտացոլել իրական պատկերը և որում չկան տեղեկություններ բանակում վարակի տարածման մասին։ Կարեն Հովհաննիսյանն ասում է, որ ադրբեջանական բանակում կորոնավիրուսը լայն տարածում ունի։

«Չնայած Ադրբեջանի իշխանությունների լռությանը՝ կորոնավիրուսը մտել է ադրբեջանական բանակ: Ադրբեջանական տիրույթի սոցցանցերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ հատուկ հանդերձանքով բժիշկները ելումուտ են անում զորամասեր»,- նշում է փորձագետը։

Նրա խոսքով՝  զորամասերով հարուստ Եվլախի շրջանն այս պահին  համարվում է կորոնավիրուսի օջախ, և Ադրբեջանի իշխանություններն այլևս չեն կարող թաքցնել ակնհայտ իրողությունը։ 

Back to top button