Կարևոր

Ապրիլի 24-ի հիշողության երթը տեղափոխվում է վիրտուալ հարթություն

Հաշվի առնելով համաճարակային իրավիճակը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը որոշել է Հիշողության երթը տեղափոխել վիրտուալ հարթություն։ Նման հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նախատեսել էր այս տարի ապրիլի 24-ին Հիշողության երթ կազմակերպել՝ կոչ ուղղելով մեր հայրենակիցներին այդ օրը Ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելել ցեղասպանության զոհ կամ վերապրած իրենց հարազատի լուսանկար-վահանակով, իսկ լուսանկար չլինելու պարագայում գրել նրանց անուն-ազգանունները, դնել Ցեղասպանության զոհ մեր մտավորականների կամ մեր մշակութային ժառանգությունների լուսանկարները: Քանի որ համաճարակային իրավիճակը կարծես թե թույլ չի տալիս իրականացնել այդ մտահաղացումը, մենք որոշեցինք Հիշողության երթը տեղափոխել վիրտուալ հարթություն»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշողության այս երթի նպատակն է հիշել ցեղասպանության զոհ, վերապրած, ցեղասպանության արհավիրքներին դիմակայած մեր տատիկ-պապիկներին։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հորդորում է մեր հայրենակիցներին իրենց ֆեյսբուքյան դիմապատկերների նկարները փոխարինել Ցեղասպանության զոհ կամ վերապրած իրենց հարազատների նկարներով առաջարկվող ձևակի մեջ՝ այս կերպ կիսելով իրենց նախնիների լուսանկարներն ու պատմությունները։

«Այս նախաձեռնությունը ապրիլի 24-ը արտակարգ իրավիճակում հիշատակելու գործողություն է»,- ասված է հայտարարության մեջ:

Back to top button