Կարանտին․ ինչպես է բնությունը հանգստանում մարդուց


Բնությունը հանգստանում է, ու պարզվում է, որ մարդիկ ամենակարևորը չեն մոլորակի վրա։ Քանի դեռ նրանք ամբողջ աշխարհում մնում են տանը, իրենց սիրելիներից, և ոչ միայն, պահպանում սոցիալական հեռավորություն, գտնվում են կարանտինային գոտում, փորձում են ապրել՝ հարմարվելով բնության ստեղծած կանոններին, կենդանիներն սկսել են իրենց առավել ազատ զգալ, մտերմանալ իրենց զույգերի հետ, գրավել իրենց պատկանող տարածքներն ու բազմանալ։
Բնությունը հարկադրված արձակուրդում է։ Կյանքը կորոնավիրուսի օրերին երկու երես ունի։
Փափուկ ու սիրելի. Յինգյինգը կարոտել էր իր Լելեին
Յինգյինգի ու Լելեի ընտանիքում համալրում է սպասվում։ Այս զույգի մասին խոսում է ամբողջ աշխարհը։ Հոնգկոնգի կենդանաբանական այգու ամենագեղեցիկ զույգերից մեկն ըստ անհրաժեշտության ու ըստ կարևորության է օգտագործել կարանտինն ու…զուգավորվել։
Երկար դադարից ու փորձերից հետո լույս աշխարհ կգա Յինգյինգի ու Լելեի զավակը։


Քանի որ աշխարհի գրեթե բոլոր կենդանաբանական այգիների պես Հոնգկոնգի այգին էլ փակ է, կենդանիները վայելում են իրենց մենակությունն ու բազմանում։
Կենդանաբանական այգու աշխատակիցները երկար տարիներ են սպասել այս պահին, նախկին անարդյունք փորձերից հետո մտածել, որ Յինգ Յինգի ու Լե Լեի ընտանիքում ձագուկ այլևս չի ծնվի։ Այգու կենդանաբաններն ասում են, որ զույգն այսքան մոտ իրար չի եղել, իրար հանդեպ հետաքրքրություն չի ունեցել, որովհետև մարդկանց աղմուկը խանգարել է։
Հնդկական օվկիանոսի ափերի տերերը չորքոտանի են
60 միլիոն ձու ընդամենը մեկ շաբաթում. Արևելյան Հնդկաստանի օվկիանոսային ափերը տեսել են ծովային կրիաների հսկայական ներհոսք։ Ըստ երևույթին, ջրային կրեաները գլխի են ընկել, որ մարդիկ հազիվ թե առաջիկա ամիսներին երևան ծովափերին ու դուրս են եկել իրենց «տներից» «փողոց»՝ ձվադրելու։
Վերջին անգամ Հնդկական օվկիանոսի ափերին այսքան քանակությամբ կրեա և ձու տեսել են 1969 թվականին։ Դրանից հետո երբեք կրիաները չեն ունեցել բազմանալու համար այսքան տարածք, ժամանակ ու հանդարտություն։
Մասնագետներն ասում են, որ կրիաների ձվադրման համար բնական միջավայրի մաքրությունը մեծ նշանակություն ունի։
Մարդկանց ներկայությունը, փաստորեն, 60 տարուց ավելի խանգարել է Հնդկական օվկիանոսի զարդը համարվող կրիաներին։ Գուցե ամաչե՞լ են մարդկանց ներկայությունից, թե՞ զզվել նրանց փնթիությունից, ո՞վ գիտի։
Կորոնավիրուսը «մաքրեց» Վենետիկի ջրանցքները
Վենետիկի ջրանցնքերն այնքան մաքուր են, որ ոչ միայն հատակն է երևում, այլ նաև դելֆիններն են ջրի խորքից բարձրացել ջրի մակերես։
Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ Իտալիայում կարանտին հայտարարվեց, ինչն էլ նպաստեց Վենետիկի ջրանցքներում ջրի մաքրմանը:
Հետիոտների, զբոսաշրջիկների, ջրանցքներով երթևեկության բացակայության, փակ թանգարանների պատճառով, քաղաքի փողոցներն ու հրապարակները ավելի մաքուր չեն տեսել։ Կամ տեսել են, բայց չեն հիշում, թե երբ։
Քաղաքի ջրանցքներում hայտնվել են ձկներ, կարապներ, նավահանգստում կարելի է տեսնել դելֆինների:
Վերջաբանի փոխարեն
Հարյուրավոր կապիկներ զբոսնել են Հնդկաստանի նախագահական պալատի շուրջը գտնվող փողոցներով՝ օգտվելով կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում սահմանված կարանտինի առիթից։
Իսկ Հիմալայան սեւ արջն անցած շաբաթ Գանգթոկում մտել էր գրասենյակ եւ վիրավորել ինժեներին։
Զբսաշրջիկների շրջանում հայտնի ճապոնական Նարա այգում եղնիկները սովոր են, որ մարդիկ կերակրում են իրենց, իսկ քանի որ նրանք այժմ կարատնիում են, կենդանիները պարզապես թափառում են փողոցներով:


Իտալիայի բնակիչները հրապարակում են ոչխարների, վայրի վարազների և ձիերի լուսանկարներ, որոնք ստիպված սնունդ են փնտրում իրենց համար անսովոր վայրերում:
Ամբողջ աշխարհում բնությունն իրենն անում է՝ մարդկանց պահում տանը, կենդանիներին տալիս ազատություն։ Բնությունը նաև մարդուն կարծես հիշեցնում է, որ մոլորակի տերը բնավ էլ իրենք չեն։ Մի վիրուս ու ճաղերի հետևում կարող են հայտնվել նրանք, ովքեր իրենց համարում էին բնության տերը։