Սահմանամերձ գոտու հողերի 80 տոկոսն այսօր հնարավոր չէ մշակել
Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Մարտի վերջին կառավարությունը որոշեց պետական աջակցություն ցուցաբերել Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչներին: Նրանք հողի հարկ չեն վճարի, ոռոգման ջրի համար էլ 50 տոկոս զեղչ կունենան: Փաստաթուղթը մշակվել է հանրապետության նախագահի հանձնարարականով, վարչապետն էլ վստահեցրել է, որ ծրագիրը շարունակական է լինելու: Ինչպես են իրենք՝ սահմանամերձ համայնքների բնակիչներն արձագանքել կառավարության որոշմանը:
Հանրապետության նախագահի հանձնարարականով կառավարությունը մշակեց ու մարտի վերջին մի կարևորագույն փաստաթուղթ ընդունեց,որով ոռոգման ջրի 50 տոկոս արտոնություն սահմանեց սահմանամերձ բնակավայրերի գյուղացիներին: Նույն օրը հանրապետության վարչապետ Տիգրան Սագսյանը հայտարարեց, որ «Ապագայում ևս անդրադառնալու են խնդրին` այս համայնքներին օժանդակություն ցուցաբերելու նպատակով»։ Ինչպե՞ ս են սահմանամերձ բնակավայրերի բնակիչները վերաբերում կառավարության տրամադրած աջակցությանը: 50-ամյա Քնարիկ Ներսիսյանը Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիր աղբյուր գյուղի բնակիչ է: Նա մի ցանկություն ունի, կառավարությունը շուտ հասկանա, որ սահմանամերձ գյուղերի ժողովրդին օգնություն է անհրաժեշտ: Տիկին Քնարիկին հիշեցրեցինք կառավարության որոշման մասին.«Էդ ո՞վ ա հող մշակում , ցավդ տանեմ, ով ա մշակում: Վախենում ենք, մենք լավ այգի ենք ունեցել, հիմա բրախալ ենք, ով ա՞ գնում: Այգու մեջ են իրան կրակել: Գյուղում շատ են չմշակվող այգիները»:
Իսկ նույն այդ այժմ արդեն հարկային արտոնություններ ունեցող այգիներից մեկում աշխատելիս էին ադրբեջանցիները անցյալ տարի հունիսի մեկին կրակել տիկին Քնարիկի ամուսնու՝ Վաչիկ Մելքումյանի վրա: Նա հրաշքով էր կենդանի մնացել: Ուղիղ գծով ադրբեջանական դիտակետերից վեցից-ութ հարյուր մետր հեռավորության վրա գտնվող սահմանամերձ այս համայքներում չմշակվող են այգիների մեծ մասը: Առավել խիզախներն իհարկե երբեմն փորձում են այգիները մշակել, բայց դա նրանց հազվադեպ է հաջողվում:
Այն, որ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի այգիների մեծ մասը չի մշակվում, փաստում է նաև Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը, ով ևս նկատում է, որ այգիներում աշխատելը վտանգավոր է: Նախկինում բանվորական ավան համարվող այս համայնքը գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ չունի: Այգեպարցիները հիմնականում մշակում են սահմանամերձ Ներքին Կարմիր աղբյուրի կամ Մովսեսի վարչատարածքներում գտնվող հողերը: Ընդհանուր առմամբ, մոտ 35 հա է կազմում, նախկինում վերը նշված գյուղերի բնակիչները, չկարողանալով դրանք մշակել, վաճառել էին իրենց հողերը, այժմ, սակայն, հողերի ոչ նախկին, ոչ էլ ներկա տերերը չեն կարողանում մշակել:
«Հիմա, որ այդ հողատարածքներում արտոնություն են տվել, որ չի հարկվելու, գյուղացին այդ հողը չի մշակում, էլ արտոնությունը ինչի՞ն է պետք: Իսկ ջուրն էլ, որ հիսուն տոկոս զեղչել են, էդ հողը, որ չի ջրելու, 50 տոկոս զեղչը արդեն էլ իր ի՞նչ առավելություն է տալու»:
Հիմա ապրելու հետ կապված իրավիճակը փոխվել է, վերջին վեց ամսվա ընթացքում շատ վտանգավոր է դարձել, նույնիսկ գյուղամիջով քայլելն էլ դժվարանցանելի է, սկզբից գնդակն է գալիս, հետո ձայնն է լսվում:
Ներքին Կարմիրաղբյուրի ղեկավար Մանվել Կամենդատյանը հիշում է՝ նույնիսկ պատերազմի տարիներին էին գյուղացիները մի կողմից կռվում, մյուս կողմից էլ հող մշակում, վերջին մի քանի տարիներին հող մշակեը գրեթե անհնար է դարձել: Դե «իսկ հարկային արտոնություններ պետք է ավելի շուտ տրվեին,- ասում են գյուղացիները:
«Բայց մենք դա ընդունում ենք, այստեղ հաշվի է առնվում սահմանամերձ գոտու սոցիալական վիճակը, այլ այսօր հնարավոր չէ այդ հողերը մշակել, որը շատ վատ է: Ավելի լավ է հնարավորություն տրվի, մենք հողը մշակենք, հողի հարկն էլ վճարենք: Սահմանամերձ գոտու հողերի 80 տոկոսն այսօր հնարավոր չէ մշակել»:
Հավելենք, որ սահմանամերձ համայնքներում մեծ սիրով ու հյուրասիրությամբ են սպասում ցանկացած հյուրի, այդ թվում նաև՝ բարձրաստիճան պաշտոնյաների, որոնց, ցավոք, հաճախ չէ, որ նրանք հյուրընկալում են: