Քաղաքացիների մասին որևէ նոր տվյալ չի՛ հավաքվելու և չի՛ մշակվելու․ Բադասյան


Գաղտնալսման տեխնիկական հնարավորություն նախատեսված չէ օրենքով։ Այս մասին հայտնել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով՝ այս սահմանափակումները վերաբերում են բացառապես համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրությանը։
«Քաղաքացիների մասին որևէ նոր տվյալ չի՛ հավաքվելու և չի՛ մշակվելու։ Օպերատորների մոտ առկա տվյալները համատեղվելու են մեկ միասնական բազայում՝ համաճարակի դեմ պայքարելու համար»,- նշել է Բադասյանը։
«Նախագծով փոխվում է այնպես, որ անմիջապես ավտոմատացված տվյալների վրա կբերվեն տեղեկություններ, և այդ 5 անձինք ավելի վաղ կտեղեկացվեն, որ հնարավոր է վարակվել են, կկիրառվի ինքնամեկուսացում կամ մեկուսացում: Այսինքն, իրենք իրենց հարազատների հետ չեն շարունակի շփումները, և այդ շղթան հնարավոր կլինի կոտրել: Այսինքն, այդ դինամիկան, որը բերելու է 7 օրը մեկ կրկնապատկման, այդ միջոցով հնարավոր է կանխարգելել»,-ասել է Բադասյանը։