Կենսաթոշակների բարձրացման հարցը կառավարությունում քննարկվում է (լրացված)


Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Բացառությամբ վարչապետի և արտաքին գործերի ու պաշտպանության նախարարների, գործադիր մարմնի մյուս անդամներն այսօր էլ ժամանակավոր պաշտնակատարի կարգավիճակով են մասնակցել կառավարության հերթական նիստին։ Թեեւ նիստի օրակարգում ընդգրկված չի եղել, սակայն, վարչապետի առաջարկով մայիսի 10- ը հանրապետությունում հայտարարվի ոչ աշխատանքային օր. հաջորդ ուրբաթ օրվա փոխարեն Հայաստանում աշխատանքային է լինելու մայիսի 18-ը:
Տեսչական ստուգումների առումով Հայաստանի կառավարության համար առավել արդյունավետ էր 2011թ , հենց այդ տարի էր, որ սոցիալական ապահովության ոլորտում 11 մլրդ դրամի չարաշահումներ բացահայտվեցին: Դրանից հետո ստուգումների թիվը նվազել է, ու չնայած դրան, ռիսկերի վրա հիմնված վերահսկողությունն իրեն ամբողջովին արդարացրել է, ասում է վարչապետ Տիգրան Սարգսյանը։
«Թիրախային ստուգում է իրականացվում առավել ռիսկային օբյեկտներում և ոլորտներում, և տեսնում ենք, որ ստուգումների քանակի ութ անգամ կրճատման արդյունքում վերականգնման ծավալը ոչ թե պակասել է, այլ՝ ավելացել, իսկ 2011 թվականին կտրուկ ավելացել է: Դա նշանակում է, որ 2013 թվականի համար պետք է ճիշտ թիրախներ ընտրենք, թե որոնք են այն ոլորտները, որտեղ ամենամեծ ռիսկերն են և որտեղ մենք կարող ենք ակնկալել մեծածավալ վերականգնումներ»։
Սոցիալական ոլորտից մի ուշագրավ լուր, որը հատկապես կենսաթոշակառուներին կհետաքրքրի: Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրայն այսօր լրագրողների հարցին ի պատասխան , կառավարության նիստից հետո հայտարարեց, որ կենսաթոշակների բարձրացման վերաբերյալ քննարկումները կառավարությունում շարունակվում են: Հիշեցնենք որ աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացման խնդրին անդրադարձել էր հանրապետության նախագահը լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ:
Կառավարությունն այսօր վաղաժամ դադարեցրեց Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի լիազորությունները, համայնքում հունիսի 11-ին գյուղապետի նոր ընտրություններ կանցկացվեն: Հիշեցնենք, որ Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանը սպանվել էր ապրիլի երկուսին: Նրա մարմինը համագյուղացիները գտել էին գյուղապետարանի դիմաց:
Կառավարությունն այսօր նաև բացասական գնահատական տվեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի՝ «Օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների գործառնությունը ՀՀ հանքարդյունաբերության ոլորտում կարգավորելու մասին» օրինագծին: Նախագիծը միտված է հանքարդյունաբերության ոլորտի տնտեսության ստվերայնության շեշտակի կրճատմանը։
Կառավարությունը նույնպես մտահոգված լինելով ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների կողմից հարկումից խուսափելու հնարավորությունն օգտագործելու ռիսկով, գտնում է, որ օրինագիծն իրավական առումով խնդրահարույց է և դրա ընդունմամբ հնարավոր չի լինի արդյունավետ ձևով կառավարել վերոնշյալ ռիսկը: