

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Ազգային ժողովի այսօրվա նիստն ավանդաբար սկսվել է նախորդ օրը քննարկված մեկ տասնյակից ավելի օրենսդրական փաթեթների քվեարկությամբ: Կառավարության հեղինակած բոլոր օրինգածերին, ի դեպ, ձեռնպահ է քվեարկել «Բարգավաճ Հայաստան« խմբակցությունը:
Նաիրա Զոհրաբյանը դեռ երեկ էր հայտարարել, որ ԲՀԿ-ն այս դիրքորոշումն է որդեգրելու այս կառավարության ներկայացրած օրինագծերի նկատմամբ, քանի որ վերջինն, ըստ Զոհրաբյանի, մշտապես ու հստակ քաղաքականությամբ մերժում է ԲՀԿ պատգամավորների ներկայացրած օրինագծերը:
Խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Ընտանեկան օրենսգրքում կառավարության առաջարկած փոփոխությունները, որոնցով Հայաստանում թե աղջիկների, թե տղաների համար ամուսնության գրանցման թույլատրելի շեմ է սահմանվում 18 տարին: Խորհրդարանն ընդունել է նաև Արդարադատության ակադեմիա հիմնելու մասին կառավարության օրենսդրական առաջարկը։
«Լեզվի մասին» օրենքում և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու առաջարկով կառավարությունը նախատեսում է օրենսդրորեն ճանաչել հայերեն ժեստերի լեզվուն որպես կթրության ու դաստիարակության միջոց լսողության խնդիր ունեցողների համար:
Գործող օրենսդրության համաձայն՝ պետությունը ժեստերի լեզուն ընդունում է որպես անձնական շփման, ուսուցման եւ թարգմանչական ծառայությունների տրամադրման միջոց, բայց օրենսդրորեն չի սահմանում, որ լսողության խանգարում ունեցող երեխաների ուսուցումը պետք է իրականացվի հայերեն ժեստերի լեզվով:
Ներկայացված նախագիծը, որը նաև ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների համառ ու հետևողական պայքարի արդյունքն է, նպատակ ունի լիարժեք դարձնել այս խմբի հասարակական ինտեգրումը և կրթական, քաղաքացիական իրավունքների իրացման հնարավորությունները։
Կրթության և գիտության նախարարի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունները ծավալով փոքր են, բայց քաղաքական և քաղաքացիական մեծ նշանակություն ունեն:
«Յուրքանչյուր լեզվին համապատասխան գոյություն ունի իր ժեստերի լեզուն: Այդ լեզուն գործում է նաև հայերենի դեպքում, բայց այդ լեզվի օերնսդրական ճանաչումը որպես այդպիսին որևէ տեղ ամրագրված չի եղել, հետևաբար՝ դատարաններից մինչև նոտարական ծառայություններ երբեև իրավական առումով հիմնավորված չի եղել անհրաժեշտության դեպքում այդ լեզվի պարտադիր կիրառումը»:
Այսօր քննարկված օրինագծերից մյուսը տնտեսության ոլորտից էր: Կառավարությունը հերթական փոփոխությունն է առաջարկում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում: Այս համակարգին վերաբերող ծավալուն փոփոխությունների վերջին փաթեթը կառավարությունն ընդունել է նախորդ տարեվերջին:
Առաջարկվող հերթական փոփոխությունները, ֆինսնների փոխնախարար Վարդան Արամյանի խոսքով, տեխնիկական բնույթ ունեն: Կառավարությունը, ըստ նրա, փոքր շտկում է անում կուտակային կենսաթոշակների համակարգում ՝ պայմանավորված 2013-ից գործող նոր հարկատեսակի ՝ շրջանառության հարկի ներդրմամբ:
Օրենսդրական այդ շտկումները կուտակայնի վճարների պարզեցված համակարգ են սահմանում հաստատագրված ու արտոնագրային վճարումներ կատարողների համար: Մասնավորապես՝ սահմանվում է, որ նրանք պետք է կատարեն ամսական կուտակային վճար 5000 դրամի չափով, նույնքան էլ պետք է վճարվի պետական բյուջեից:
Առաջարկվող փոփոխությունը «չմտածված» որակեց ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը: Նա ընդհանրապես սխալ է համարում անցումը պարտադիր կուտակային կենսաթոշակների համակարգին ու այս տրամաբանության մեջ փաթեթում առաջարկվող յուրաքանչյուր փոփոխություն դիտարկում է որպես սխալ, որն ավելի է խորացնում իրավիճակի բարդությունը։
«Ես կարծում եմ, որ մենք սխալն անընդհանտ խորացնում ենք: Կառավարությունն էլ է խոստովանում, որ կես տարի, մեկ տարի հետո այս մեծությունը փոխվելու է: Կարելի էր չէ՞, այս անգամ փորձ անել ուղղել սխալը։ Օրինակ՝ մի մեխանիզմ առաջարկել, որը կկապեր այդ մեծությունը նվազագույն աշխատավարձի հետ, որպեսզի ամեն անգամ չփոխեինք օրենքն ու սխալ ուղերձ չուղղեինք ձեռնարկատիրոջը, որ նա 6 ամիս հետո նոր փոփոխության սպասի»:
Այս օրինագծերն էլ խորհրդարանը կքվեարկի վաղը։