60-70- ականների Հայաստանը՝ Ռոբերտ Ենգիբարյանի վեպում


Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Անցյալ տարվա աշնանը Մոսկվայում լույս տեսավ «Օ՜, Մարի» վեպը, որի հեղինակն է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Կառավարման միջազգային ինստիտուտի տնօրեն, ՌԴ գիտության վաստակավոր գործիչ, իրավագիտության դոկտոր Ռոբերտ Ենգիբարյանը: Հետաքրքրական է, որ սա մեր հայրենակցի առաջին գրական ստեղծագործությունն է: Մինչ այդ նա հեղինակել է երեք դասագիրք և մոտ 50 գիտական աշխատանք` որոնք վերաբերվում են սահմանադրական իրավունքի թեմային: Նախօրեին նրան հյուրընկալել էին սփյուռքի նախարարությունում:
Ռոբերտ Ենգիբարյանը հաճախ է այցելում Երևանը: Այստեղ նա ծնվել է, սովորել է, երկար տարիներ աշխատել և դասավանդել: Արդեն 27 տարի է ինչ նա ապրում է Ռուսաստանի մայրաքաղաքում, որոնցից 20 տարին տնօրինում է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Կառավարման միջազգային ինստիտուտը: Այս անգամ իր հերթական երևանյան այցը համընկավ իր հեղինակած «Օ՜, Մարի» գրքի շնորհանդեսի հետ, որը կայացավ նախօրեին սփյուռքի նախարարությունում: Հատկանշական է, որ այս հոգեբանական վեպը հեղինակի առաջին գրական ստեղծագործությունն է: Ինչպես խոստովանեց Ռոբերտ Ենգիբարյանը, վեպ գրելու գաղափարը ծնվեց իր մոտ դեռևս 10 տարի առաջ, երբ նա աշխատում էր “Համեմատական սահմանադրական իրավունք” գիտական աշխատանքի վրա, որտեղ ներկայացված են մոտ 40 երկրների հիմնական օրենքների դրույթները: Ինչևիցե, “Օ, Մարի” վեպում հեղինակը ներկայացնում է 60-70-ական թվականների Խորհրդային Միության հասարակական կյանքի զարգացման սոցիալական, քաղաքական, նյութական և հոգևոր ոլորտները, հայրենադարձների հոգեբանական դրաման` իրական հերոսների և իրական դեպքերի նկարագրությամբ:
Մարդը կանգնած է ընտրության առջև ցանկացած պահի և ցանկացած ժամանակ, և նա չի գիտակցում, որ այդ ակնթարթին նա կատարեց իր ընտրությունը, ամբողջ կյանքում ուղեկցում է նրան, նշում է Ռոբերտ Ենգիբարյանը : Վեպի գլխավոր հերոսը` Դավիթը իր ազգության, մշակույթի և լեզվի կրողն է և ինքնության պահպանման խնդիրը նրա համար առաջնային նշանակություն ունի: Հայրենադարձներից շատերը համոզված էին, որ գալով Հայաստան, կգտնեն ջերմ ընդունելություն կապրեն ապահով կյանքով: Սակայն նրանց պատկերացրած Հայրենիքը չկար: 70-ական թթ. կեսերից հայրենադարձ հայերը անհատապես, ապա ընտանիքներով լքում էին Հանրապետությունը և վերադառնում այն երկրները, որտեղից եկել էին: Հեղինակը նկարագրում է այդ շրջանում ձևավորված հասարակական-իրավական հարաբերությունները, քաղաքական իրավիճակը, հասարակության հոգեբանությունն ու բարքերը: Ռոբերտ Ենգիբարյանը ամեն մարդու համար կարևորում է ժամանակը, քաղաքացիությունը, հասարակությունը և մշակութային տարածաշրջանը, ինչը անդրադառնում է իր ապագայի վրա: Ըստ հեղինակի, գիրքը գրելով` նա կատարել է իր պարտքը ծնողների և իր երկրի հանդեպ: Վեպը լույս է տեսել անցյալ տարի աշնանը Մոսկվայում ռուսերենով: Ողջունելով հեղինակին, սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը հայտնեց ներկաներին, որ ընթացքի մեջ է և շուտով ընթերցողի դատին կհանձնվի գրքի հայերեն թարգմանությունը: Ինչպես պարզվեց, նախարարը երկար տարիների է ծանոթ վեպի հեղինակի հետ:
Անդրադառնալով գրքին Հրանուշ Հակոբյանը նշեց, որ վեպի գլխավոր առանձնահատկությունը նրա հանրագիտարանային արժեքն են և հեղինակի կենսափորձը: Ի դեպ, պարոն Ենգիբարյանը Գրոների միության անդամակցելու հայտ է ներկայացրել և սա նշանակում է, որ շուտով կհաջորդեն նրա նոր գրական ստեղծագործությունները: Ի դեպ, Ռոբերտ Ենգիբարյանը այսօր նշում է իր 62-ամյակը: Օգտվելով առիթից, “Ռադիոլուրը” միանում է բոլոր շնորհավորանքներին և բարեմաղթանքներին: