ԿարևորՀասարակություն

Երեւանի ավագանի վստահաբար կմտնի երկու ուժ, եւս երկուսը գտնվում են եզրագծին

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող  7 քաղաքական ուժերից ընդամենը  երկուսն են  վստահաբար հաղթահարում անցողիկ շեմը, մյուս երկուսը՝  սահմանագծին են, իսկ  երեքի ձայները նկատելիորեն հեռու են անցողիկ շեմից, ցույց են տալիս Ահարոն Ադիբեկյանի «Սոցիոմետր» կենտրոնի արդյունքները։

Ընտրությունների կմասնակցի երևանցիների առավելագույնը 59, նվազագույնը՝ 54 տոկոսսը: Այդ 59 տոկոսից մոտ 32 տոկոսը ձայնը կտա գործող քաղաքապետին, մնացած ձայները կբաշխվեն մրցապայքարի մասնակից մյուս 6 ուժերի միջև:
Հարցումը,  ի դեպ, ըստ Ահարոն Ադիբեկյանի, վերջինն է Երևանի ավագանու մայիսիս 5-ին կայանալիք ընտրություններից առաջ:

Ընդհանուր առմամբ՝ Ադիբեկյանն ասում է, որ  իշխանության թեկնածուի  քվեների ներքին շեմը 45 տոկոսն է,  իսկ ոչ իշխանական ուժերի  վերին շեմը միավորվելու դեպքում` 55 տոկոսը:

«Մենք վերցնում ենք իշխանական գործողին, մնացածին համարում ենք մրցակից: Եվ այդ մրցակիցները եթե միավորվեին, կկազմեին ընտրազանգվածի 55 տոկոսը: Բայց իրենք չեն միավորովել, և այդ 55 տոկոսը կտրոհվի մանր տոկոսների. մի մասը ջուրը կգնա, որովհետև շեմը չեն անցնի և դրանով Տարոն Մարգարյանի ջրաղացին հեղեղով ջուր կլցնեն, քանի որ կհեշտացնեն նրա հաղթանակը»,- ասում է Ադիբեկյանը։
Ըստ նրա հարցումների՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող  7 քաղաքական ուժերից ընդամենը  երկուսն են  վստահաբար հաղթահարում անցողիկ շեմը՝ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, սահմանագծայինները «Բարև Երևան» դաշինքն ու ՕԵԿ-ն են, շատ ավելի ցածր դիրքերում են ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն ու «Առաքելությունը»:
ՀՀԿ-ի վարկանիշը, ըստ հարցման արդյուքների, 32 տոկոս է, ԲՀԿ-ինը՝ մոտ  16 տոկոս, « Բարև Երևանին» այս պահին պատրաստ է ձայն տալ ընտրություններին մասնակցել պատրաստվողների 8 , իսկ ՕԵԿ-ին՝ մոտ 6 տոկոսը:

ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի տոկոսները անցողիկ շեմից նկատելիորեն ներքև են ՝ 2-ից 3 տոկոսի սահմաններում:

«Ձայները շատ փոքր են, իսկ շեմը շատ բարձր՝ 6 և 8 տոկոս, որպեսզի ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն կարողանանան հաղթահարել»:

Ահարոն Ադիբեկյանը քիչ հավանական է համարում, որ քարոզարշավի վերջին շաբաթը էական փոփոխություններ մտցնի ընտրազանգվածի կողմնորոշումների մեջ: Միաժամանակ՝ նշում է, որ այս ընտրություններին նույնպես վճռորոշ դերակատարում է ունենալու տատանվողոների մոտ 15 տոկոսանոց բանակը:

Ի դեպ՝ հարցվողներին խնդրել են գնահատել նաև քարոզարշավի արդյունավետությունը: ՀՀԿ-ի քարոզարշավը համոզիչ են համարել հարցվածների 44 տոկոսը,  հարցվողների 6 տոկոսը այն անհամոզիչ կամ ոչ ազդեցիկ է գնահատել:

«Մրցակիցների մոտ այս բալանսը կամ բացասական է, կամ դրական ու բացասական գնահատականները իրար հավասար են: Քչից շատից հաջող քարոզարշավ վարում են «Բարև Երևանն»  ու ՕԵԿ- ը։ Նրանց մոտ քարոզարշավի դրական ու բացասական գնահատականները հավասար նե, մնացածի մոտ՝ բալանսը բացասական է»:

Մեկ այլ հարցման արդյունքներ էլ այսօր ներկայացրել է GALLUP International association-ի հայաստանյան ներկայացուցչությունը: Միտումների առումով պատկերն ընդհանուր առմամբ նույնն է՝ թվային փոքր  տարբերություններով:

Եթե Երեւանի ավագանու ընտրությունները տեղի ունենան առաջիկա կիրակի օրը, ապա երեւանցիների  41,5  տոկոսը ձայնը կտա Հանրապետականին,  իսկ 14,5 տոկոսը՝  «Բարգավաճ Հայաստան»-ին ։
Ըստ Գելափի տվյալների՝  «Բարեւ, Երեւան» դաշինքին իր ձայնը կտա ընտրողների 7,9 ,  «Օրինաց երկիր» կուսակցությանը՝  3,7, ՀՅԴ-ին՝ 3,1 տոկոսը, ՀԱԿ-ինը՝ 2,9  տոկոսը,  «Առաքելությանը»՝ 0,3 տոկոսը։

Back to top button