Արմավիրում եւս հիշատակման արարողությունը սկսվել է ջահերով երթով


Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»-Արմավիրի մարզ
Այսօր Արմավիրի մարզում Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին խնկարկվել ու ծաղիկներ են դրվել եղեռնի նահատակների հուշակոթողներին: Հիշատակման արարողությունը սկսվել է երեկ ջահերով երթի կազմակերպմամբ, որին միացել են Արմավիրի մարզի երիտասարդները:
Մեկական վառված մոմ պատուհաններին ու ջահերով երթ Արմավիր քաղաքի հրապարակից` ճանաչման և հատուցման պահանջատիրությամբ: Երեկ երեկոյան Արմավիրի քաղաքի երիտասարդները անկախ քաղաքական կողմնորոշումներից միասնաբար Արմավիրի քաղաքի հրապարակից ջահերով երթ էին կազմակերպել դեպի քաղաքային զբոսայգի, եղեռնի զոհերի հուշակոթող, որտեղ էլ այրվել է թուրքական դրոշը, հետո մոմեր վառվել անմեղ զոհերի հոգիների հանգստության համար: Այսօր առավոտյան Արմավիրի քաղաքում ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել մարզային ու քաղաքային իշխանությունները, կազմակերպությունները, քաղաքացիները: Ցեղասպանության զոհերի հիշատակին հոգեհանգստի կարգ կարատեցին Արմավիրի թեմի հոգևորականները, որից հետո Արմավիր քաղաքի սբ. Սարգիս եկեղեցու հոգևորական տեր Ստեփանոս քահանա Մելիքյանը հանրությանը ներկայացրեց ցեղասպանության 100-ամյակի տարելիցի միջոցառումներին ընդառաջ, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդ հայրապետի և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի համատեղ կոչն ուղղված Թուրքիայի իշ;անություններին` հայոց ցեղասպանության ճանաչման, հայ ժողովրդի կրած կորուստների, մարդկային ու ազգային ոտնահարված իրավունքների հատուցման, կրոնական և մշակութային արժեքների , եկեղեցապատկան կալվածքների ու իրերի վերդարձման մասին:
Ցեղասպանությունը վերապրածներից քչերն են մնացել, սակայն նրանք ժառանգություն են թողել վրեժն ու պահանջատիրությունը էրգրի նկատմամբ: Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը ցեղասպանությունը վերապրած և մազապուրծ եղած մշեցու թոռ է: 9 երեխա ունեցող ընտանիքից փրկվել է միայն պապը` գաղթելով Արևմտյան Հայաստանից, հաստատվել է Թալինի Ոսկեթաս գյուղում: Ռուբեն Խլղաթյանը հոգում պահելով սուգը նշեց, որ ցեղասպանության զոհերի հիշատակի օրը վերափոխվելու է պայքարի օրվա, պետք է ձերբազատվել սգից ու հասնել հաղթանակի` աշխարհին ճանաչել տալով ցեղասպանությունը:
Եղեռնի զոհերի հուշակոթողին ծաղիկներ դրեց նաև մատաղ սերունդը: 4-ամյա Վոլոդյան տատիկի հետ էր եկել հարգանքի տուրք մատուցելու: Մանկապարտեզում սովորեցրել են օրվա մասին:
Մայիսյանի դպրոցի տնօրեն Իշխան Պետրոսյանը իր վիշտը կիսելով նախորդ դարասկզբի մառդկային ամենամեծ ոճրի նկամամբ, մեջբերեց Խրիմյան Հայրիկի խոսքերը. «Խնդրագրով ոչինչ չեն տալիս, հարկավոր է զենքով նվաճել արդարությունը»: Նա նշեց, որ պետք էոինենալ ուժեղ պետություն.<<Պպատմությունը ցույց է տվել, որ հարգում են միայն ուժեղներին, մենք պետք է ավելի ուժեղ ու կազմակերպված լինենք, որ աշխարհը հարգի մեզ», ասաց բազմավաստակ մանկավարժը:
Զոհերի հիշատակին հարգանքի տուրք է մատուցվել սբ. Էջմիածնում, Մեծամորում, Արմավիրի մարզի համայնքներում: