ԿարևորՔաղաքական

Լոս Անջելեսի մարզային խորհուրդը Օբամային կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Լիլիթ Սեդրակյան

«Ռադիոլուր»- Լոս Անջելես

Ապրիլի 24-ը Լոս Անջելեսի մարզում հռչակվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր, հայտարարեց մարզի կառավարիչների խորհուրդը, որն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Փաստաթղթի հեղինակը Լոս Անջելեսի մարզի կառավարիչների խորհրդի անդամ Մայք Անտոնովիչն է: Նրա և խորհրդի ևս չորս անդամի ստորարգությունը կրող բանաձևում գրված է, որ 1915-23թթ Օսմանյան կառավարության իրականացրած տեղահանությունն ու սպանդը հազարամյակների մի ամբողջ քաղաքակրթություն վերացնելու փորձ էր, որը պետք է դատապարտվի։
Լոս Անջելես մարզի բնակիչները դատապարտում են թուրքերի` անցած դարի վայրագությունները և ներկա ժխտողականությունը: Ապագա սերունդներին անհրաժեշտ է տեղեկացնել պատմական փաստերի մասին` նմանատիպ ողբերգությունները բացառելու համար, նշված է բանաձևի մեջ:
Լոս Անջելեսի կառավարիչ Մայք Անտոնովիչը նշեց, որ այս ամենի մասին պետք է խոսվի այնքան ժամանակ, քանի դեռ լուծված չէ խնդիրը:

«Լոս Անջելեսի մարզի բնակիչներին ուղղված մեր գլխավոր ասելիքն, որ անհրաժեշտ է ճանաչել 98 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը: Մենք հորդորում ենք, որ ամեն մեկն այդ պահանջով իր անունից դիմի նախագահ Օբամային և կոնգրեսականներին: Շուտով Սպիտակ տանը նախագահ Օբաման հանդիպելու է Թուրքիայի նախագահի հետ, և այս հարցը պետք է բարձրացվի Սպիտակ տան մակարդակով: Թուրք-օսմանյան կառավարությունը իրագործել է զարհուրելի ցեղասպանություն` սպանելով 1,5 մլն մարդու: Ժամանակն է, որ Թուրքիան ընդունի դա և առաջ շարժվի: Ես պահանջում եմ նախագահից բարձրացնել այս հարցը, երբ օվալաձև սրահում նա կհյուրընկալի Թուրքիայի նախագահին, որքան էլ այդ երկիրը կարևոր գործընկեր լինի ԱՄՆ համար»,-  ասաց Մայք Անտոնովիչը:
Մայք Անտոնովիչը ընդգծեց, որ Լոս Անջելեսի մարզում, որտեղ ապրում է մոտ 100 ազգություն ներկայացնող 10 մլն բնակիչ, ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու քայլը յուրօրինակ պարտավորեցում է` ուղղված ԱՄՆ դաշնային ղեկավարներին` հետևել Լոս Անջելեսի և Կալիֆորնիայի պաշտոնյաների օրինակին։

Back to top button