ԿարևորՀասարակություն

Նոր վկայություններ` օսմանյան արխիվներից

Լիլիթ Սեդրակյան

«Ռադիոլուր»- Լոս Անջելես

Նոր վկայություններ` օսմանյան արխիվներից. Այս խորագրով դասախոսությամբ ԱՄՆ արևմտյան ափի հայ համայնքի հետ հանդիպեց թուրք պրոֆեսոր Թաներ Աքչամը: Նա հայտարարեց, որ ունի նոր ապացույցներ, որոնք նոր տեսանկյունից են ներկայացնում Հայոց ցեղասպանությունը:

“ Նոր ձեռք բերված փաստաթղթերի հիման վրա իմ գլխավոր փաստարկն այն է, որ հայոց ցեղասպանությունը մաս էր ժողովրդագրական հստակ քաղաքականության` իրականացված մաթեմատւկական ճշգրտությամբ: Այդ փաստաթղթերն ապացուցում են, որ Ստամբուլի Միությունև Առաջադիմություն կուսակցության առաջնորդները սառնարյունությամբ պլանավորել էին ամեն ինչ և հաշվարկել: Այդ ծրագրի բաղադրիչներն էին հայերի տեղահանությունը, ֆիզիկական ոչնչացումը և ձուլումը”:

Թաներ Աքչամի խոսքով, հայերի ձուլման երեք դրսևորումները`հայերի բռնի դավանափոխումը, հայ երեխաներին թուրքական ընտանիքներին հանձնումը, հայ աղջիկներին թուրքերին կնության տալը, առաջին հայացքից են միայն թվում տարերային բնույթի, մինչդեռ այսուհետ պետք է ուսումնասիրվեն` իբրև ցեղասպանության ծրագրի բաղադրիչ: Այս և Հայոց ցեղասպանության մյուս բաղադրիչները, որոնք արձանագրված են օսմանյան փաստաթղթերում, մեզ օգնում են ավելի լավ հասկանալ ցեղասպանությունը, ասում է Թաներ Աքչամը: Բացի այդ, նրա խոսքով, նոր ի հայտ եկած ապացույցները խիստ արժեքավոր են նրանով, որ գտնվել են հենց օսմանյան արխիվներում:

“Թուրքական իշխանությունները մինչև վերջերս մերժում էին ամերիկյան, գերմանական, ֆրանսիական և հայկական աղբյուրների հավատարժանությունը և պնդում էին, որ իրենց համար միակ վստահելի աղբյուրը օսմանյան արխիվներն են, որոնց համաձայն Օսմանյան կառավարությունը չի ունեցել ցեղասպանության մտադրություն: Այժմ, հենց օսմանյան փաստաթղթերն են ապացուցում, որ դա եղել է ցոեղասպանության մտադրություն, որը ծրագրվել և իրագործվել է ճշգրտությամբ”:

Թաներ Ակչանը նշեց, որ բոլորին հասանլեի այդ փաստաթղթերը մինչև այժմ անտեսվել են մի քանի պատճառով, որոնցից գխավորն օսմաներենի չիմացությունն է:

«Կա ևս մեկ պատճառ, որ այս նյութերը մինչև այժմ անտեսվել են: Ամբողջական պատկերը ստանալու համար պետք է իմանալ` ինչպես կարդալ ու համադրել դրանք. այն, ինչ արել եմ ես հենց տարբեր փաստաթղթերի ճիշտ համադրումն է, որը ցույց է տալիս դեպքերի զարգացման շղթան: Սրանք արժեքավոր փաստաթղթեր են , և լավ կլիներ, որ երիտասարդ գիտնականները ուսումնասիրեն դրանք»:

Թաներ Աքչամը հայտնեց, որ օսմանական արխիվից օգտվելու համար անգամ նախապես գրանցվել պետք չէ. դրանք բաց են բոլորի համար: Իր հայտնաբերած փաստաթղթերը և դրանց վերլուծությունը նա հրատարակել է նոր գրքում որը կոչվում է` Երիտթուրքերի ոճիրը մարդկության դեմ. Հայոց ցեղասպանությունը և էթնիկ զտումը Օսմանյան կայսրությունում:

Back to top button