Այս ընտրություններում պայքարը ընդդիմադիրների միջեւ է, ասում է քաղաքագետը


Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Հայաստանում հետընտրական իրավիճակն ավարտվել է ու միանգամից թևակոխել նախընտրական նոր փուլ: Երևանի ավագանու ընտրությունները վերջինն են իրար հաջորդող ընտրությունների շարքում: Խոսելով դրանց մասին՝ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր կարծիք է հայտնել, որ այս ընտրություններում իրական մրցակցությունը ոչ թե իշխանություն- ընդդիմություն դաշտում է, այլ հենց ընդդիմադիրների միջև:
Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է հայաստանյան քաղաքական ավանդույթները. նա այն նույն հունի մեջ է, որում 1996-ին Վազգեն Մանուկյանն էր, 2003-ին Ստեփան Դեմիրճյանը, իսկ 2008-ին Լևոն Տեր- Պետրոսյանը, ասում է Ալեքսանդր Իսկանդրայանը։
Նրա ձևակերպմամբ՝ նախագահական գրեթե բոլոր ընտրությունները Հայաստանում հետընտրական զարգացման նույն սցենարն ու հանգուցալուծման նույն արդյունքն են ունեցել: Այս անգամ էլ ավանդույթները, ըստ նրա, չեն խախտվել:
«Մեկ բան ինձ համար հստակ է. քաղաքական վերնախավն իրավիճակը փոխել չի կարող։ Համենայն դեպս՝ այն քաղաքական իրողություններում, որոնք այսօր ունենք»:
Ալեքսանդր Իսկանդարյանը չի կարծում, որ Երևանի ավագանու ընտրություններին ընդդիմադիր ուժերից որևէ մեկը լուրջ մրցակցություն է ստեղծելու իշխող Հանրապետականի համար: Ավելին՝ նրա դիտարկմամբ՝ իրական մրցակցությունը ոչ թե իշխանություն- ընդդիմություն հարթության մեջ է, այլ հենց ընդդիմադիրների միջև:
ՀԱԿ-ի մրցակիցը ոչ թե ՀՀԿ-ն է, այլ «Ժառանգությունը» կամ հակառակը, ասում է քաղաքագետը: Իրավիճակը, ըստ նրա, այլ կլիներ միավորված ընդդիմության դեպքում, բայց այդ միավորումը ինչպես չի եղել նախկինում, այնպես էլ առաջիկայում, ըստ Իսկանդարյանի «չի սպառնում» ընդդիմությանը։
«Ընդդիմությանը միավորվել չհաջողվեց խորհրհրդարանական ընտրությունների ժամանակ։ Թեև այդ անգամ էլ մրցակցություն կար, բայց հանարապետականները ստացան խորհրդարանի տեղերի կեսից ավելին։
Ընդդիմությանը միավորվել չհաջողվեց նախագահական ընտրություններից առաջ, երբ պարզ դարձավ, որ ԲՀԿ առաջնորդը չի պատրաստվում մասնակցել մրցապայքարին: Միավորվել չհաջողվեց նաև նախագահական ընտրություններից հետո, երբ երկրորդ տեղը զբաղեցրած թեկանծուն ձայների բավականին լուրջ բաժին ՝ 37 տոկոս ստացավ, ինչը սակայն ընդդիմությունը չկարողացավ օգտագործել ոչ ընտրություններից հետո, ոչ էլ կկարողանա օգտագործել հիմա»,- ասում է Իսկանդարյանը։
Ոչ իշխանական ուժերն այս ընթացքում չմիավորվելու փաստն այլ կերպ են դիտարկում: Նշում են, որ կպայքարեն առանձին-առանձին ու ընտրություններից հետո արդեն միավորման որևէ ձևաչափով այլընտրանք կդառնան իշխանությանը: Սա, ըստ Իսկանդարյանի, հետաքրքիր իրողության ցուցիչ է՝ քաղաքական կյանքի բնույթի փոփոխության ցուցիչ։
«Ընտրություններից հետո էլ միավորման հեռանկարն ինձ շատ կասկածելի է թվում: Նախ՝ այն պատճառով, որ մինչ այժմ դա երբևէ չի հաջողվել, նաև այն պատճառով, որ իրական մրցակցությունը հենց ընդդիմադիրների միջև է»:
Մոտ 40 տոկոս ընդդիմադիր ձայնը, Իսկանդարյանի եզրահանգմամբ, փոքր թիվ չէ։ Խնդիրը, սակայն, դրանց տեր կանգնելն ու այդ ձայները պահել կարողանալն է, որը որևէ ընդդիմության առայժմ չի հաջողվում: Այս դիտարկումից էլ ծնվում է Իսկանդարյանի մյուս եզրահանգումը՝ ընդդիմությունը կարիք ունի ոչ թե միավորելու, այլ ստեղծվելու»։