Հայրիկյանի դեմ մահափորձի նախաքննությունն ավարտվել է


Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Հունվարի 30-ին ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ իրականացնելու հետևանքով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտված է: Քրեական այս գործով ձերբակալված է 3 անձ:
Ծանոթանալով քրեական գործի նյութերին՝ Հայրիկյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն ունի մի շարք դիտողություններ ու միջնորդություններ: Բայց դրանք նա կներկայացնի դատաքննության ընթացքում։
Մահափորձը պատվիրելու մեջ կասկածվող Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ գործով ձեռք բերված ապացույցները շատ թույլ են: Անդրադառնալով նրա հայտարարությանը` Հայրիկյանի փաստաբանն ասաց, որ հարգում է իր գործընկերոջ կարծիքը, բայց չի կիսում այն:
Անդրադառնալով շրջանառվող բազմաթիվ լուրերին՝ Լևոն Բաղդասարյանը նկատեց, որ Հայրիկյանի մեղքն այն էր, որ նա չմահացավ. դա մահափորձ էր և ոչ թե վախեցնելու փորձ, ինչպես շատերն ասում են: Ըստ այդմ` Լևոն Բաղդասարյանը վստահ է, եթե մահափորձի ընթացքում Հայրիյանը մահանար, ոչ միայն նման խոսակցություններ չէին լինի, այլև ավելի մեծ գումարներ կծախսվեին ինչպես պետական, այնպես էլ մասնավոր կառույցների կողմից: Լևոն Բաղդասարյանը չի բացառում, որ այդ ժամանակ Հայրիկյանին անգամ ազգի հերոս կարող էին դարձնել:
Հայրիկյանին անհրաժեշտ է տևական բուժում, և դա է պատճառը, որ նրա փաստաբանն այժմ դժվարանում է ասել՝ կբավականացնի՞ արդյոք կառավարության կողմից Հայրիկյանի բուժման համար հատկացված 20 մլն 500 հազար դրամը։
Ինչ վերաբերում է նրա առողջական վիճակին և բուժման ընթացքին, ապա Հայրիկյանի փաստաբանն ասաց, որ ԱԻՄ առաջնորդը երեկ հերթական վիրահատությանն է ենթարկվել, որը շարունակվել է ավելի քան 6 ժամ և այժմ նրա ինքնազգացողությունը նորմալ է:
Հիշեցնենք, որ Պարույր Հայրիկյանը Հայաստանում բուժման կուրս անցնելուց հետո մեկնել է Գերմանիա՝ բուժումը շարունակելու նպատակով։