Հասարակություն

Հայաստանում սեյսմիկ վերջին ակտիվությունը մասնագետները նորմալ են գնահատում

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»

Այսօր ժամը 01:38-ին Շաքի քաղաքից 11 կմ դեպի հարավ Ռիխտերի սանդղակով 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելն հաղորդում է  Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի հանրապետական սեյսմոլոգիական կենտրոնը: Ստորգետնյա ցնցումը Շաքիի, Զաքաթալայի, Գախի եւ Օղուզի (Վարդաշեն) շրջաններում զգացվել է 3 բալ ուժգնությամբ: Զոհեր եւ ավերածություններ չկան:

Ապրիլի 16-ին էլ  Խաշ քաղաքում էր տեղի ունեցել 7.5 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ, որի ցնցումները զգացվել են նաև Հայաստանում:

Երեկ նույնպես 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժի ցնցումներ զգացվեցին  Մեղրի, Կապան, Ջերմուկ քաղաքներում, որը Իրանի Խոյ քաղաքում 4.7 մագնիտուդ ուժգնությամբ տեղի ունեցած երկրաշարժի արձագանքն էր։

Վերջին շրջանում տարածաշրջանում տեղի ունեցող երկրաշարժները, որոնք զգացվում են նաև Հայաստանում սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետ Հրաչյա Պետրոսյանի պարզաբանմամբ միանգամայն նորմալ է, քանի որ տարածաշրջանը սեյսմիկ ակտիվության շրջանում է գտնվում, պարզապես այժմ սեյսմիկ ակտիվությունը մի փոքր ավելացել է:

Ավելի հրատապ է հարցը, թե որքանով են սեյսմակայուն շենքներն ու շինությունները մեր երկրում:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության շենքերի և շինությունների սեյսմակայունության կենտրոնի բաժնի պետ Գուրգեն Նամալյանի խոսքով՝ եթե խորհրդային ժամանակաշրջանում շենքերը կառուցվում էին 6-7 բալ ուժգնության հաշվարկով, ապա այսօր որակով ավելի բարձր են, «դրանք 9 բալ և ավելի սեյսմակայունությամբ են կառուցվում»:

Երևան քաղաքին սպառնացող սեյսմիկ ամենաուժեղ օջախը գտնվում է Գառնիում, ասաց Հայաստանում սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետը։ Կա ևս մեկ այլ օջախ, որը գտնվում է  Փարաքարում, սակայն այն ավելի ցածր սեյսմիկ ներուժ ունի. առավելագույն ուժգնությունը 6-7 բալ է գրանցվել այստեղ:

Գառնիում գտնվող դիտարանը վերականգնման կարիք ունի, ինչը կնպաստի ավելի արագ տեղեկություն տրամադրել երկրաշարժի մասին, ավելացրեց երկրաբանը: Մինչ դրա մասին կմտածի կառավարությունը, սեյսմիկ ծառայությունում տեղի ունեցող երկրաշարժերի ուժգնությունը պարզում են Երևանում տեղադրված 5 սեյսմիկ կայանների միջոցով` 3-ից 5 րոպեի ընթացքում, ասաց Հրաչյա Պետրոսյանը:

 

Back to top button