Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Սահմանադրական դատարանն այսօր քննության է առել ԱԺ մոտ երեք տասնյակ պատգամավորների դիմումը, որով վիճարկվում է ԱԺ կանոնակարգ օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ կետի սահմանադրականությունը: Պատգամավորները կարծում են, որ կանոնակարգի հիշյալ հոդվածը հակասում է Սահմանադրության 70-րդ և 71-րդ հոդվածներին: Սահմանադրական դատարան դիմելու առիթը 2012-ի նոյեմբերի 21-ին ԱԺ 4 խմբակցությունների նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստն է, որը չկայացավ քվորումի բացակայության պատճառով. նիստին չմասնակցեցին ՀՀԿ և ՕԵԿ խմբակցությունների պատգամավորները: Դիմումը Սահմանադրական դատարանում ներկայացրել է ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանը, որպես պատասխանող կողմ ներկայացել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հանրապետական խմբակցության ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը:
Համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ կետի՝ ԱԺ նիստն իրավազոր է, եթե սահմանված կարգով գրանցվել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին: Իսկ Սահմանադրության 70-րդ հոդվածը ամրագրում. «ԱԺ արտահերթ նիստ կամ նստաշրջան գումարում է ԱԺ նախագահը՝ հանրապետության նախագահի, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի կամ կառավարության նախաձեռնությամբ»:
Խորհրդարանական փոքարամասնությունը կարծում է, որ Սահմանադրության և ԱԺ կանոնակարգի վերահիշյալ երկու հոդվածները հակասում են միմյանց:
2012-ի նոյեմբերի 21-ին ԱԺ պատգամավորների 1/3-ը փորձեց արտահերթ նիստ հրավիրել, բայց չկարողացավ. պահանջվող 66-ի փոխարեն գրանցվեց 46 պատգամավոր: Փոքրամասնության նախաձեռնած նիստն այս դեպքում բոյկոտեց խորհրդարանական մեծամասնսւթյունը:
Մեծամասնության բացակայության հարցն այսօր քննարկվում էր Սահմանադրական դատարանում: Դիմող կողմի ներկայացուցիչ, ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանի հիմնավորմամբ՝ Սահմանադրությունը պատգամավորների 1/3-ին արտահերթ նիստ հրավիրելու հնարավորություն է տալիս, իսկ ԱԺ կանոկակարգ օրենքի համապատասխան հոդվածը խոչընդոտում է այդ հնարավորության իրացմանը:
«Մեր կարծիքով ՝ պատգամավորների փոքրամասնության, այդ 44 պատգամվորի նախաձեռնությամբ նիստ հրավիրլը արդեն իսկ քվորում է սահմանում: Մենք ենթադրում ենք, որ քննարկումը այդ օրակարգով և այդ ժամկետներում առնվազն պետք է կայանար, եթե 1/3-ը ներկա էր ու գրանցվել էր»:
Այս հիմնավորմանը համաձայան չէր պատասխանող կողմը: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի կարծիքով՝ արտահերթ նիստ հրավիրելու դեպքում պատգամավորների 1/3-ի ներկայությունն ինքնին քվորում համարելն անտրամաբանական մոտեցում է:
Եթե առաջնորդվենք դրանով, ապա խորհրդարանը պարզապես քննարկումների վայր կդարձնենք, ՍԴ-ում ասաց Հարությունյանը:
«ԱԺ-ն ունի լիազորություն ընդունելու օրենքներ, որոշումներ, հայտարարություններ և հղելու ուղերձներ, և յուրաքանչյուրի համար անհրաժեշտ է նվազագույն քանակով մասնակցություն: Նման մասնակցության, այն է՝ քվորումի բացակայության դեպքում նիստն սկսելն անիմաստ է, եթե այն չի հանգեցնելու այդ 4 լիազորություններից մեկի իրացմանը»:
Լսելով կողմերի հիմնավորումները՝ խորհրդակցական սենյակում ծանր ու թեթև անելով դրանք օրվա երկրորդ կեսին ՍԴ-ն հրապարակեց իր որոշումը: Այն փոքր-ինչ անսպասելի էր . դատարանը գտավ, որ վիճարկվող հոդվածը Սահմանադրությունը չի հակասում, փոխարենը որոշեց, որ Սահամանդության հետ հակասություն ունի ԱԺ կանոնակարգ օրենքի մեկ այլ հոդված:
ԱԺ կանոնակարգի 99-րդ հորդվածը, ըստ ՍԴ որոշման, համակարգային կապ ունի վիճարկվող խնդրի հետ: Խոսքն այն հոդվածի մասին է, որը սահմանում է նստաշրջանի ընթացքում քվեարկություններից անհարգելի բացակայելու դեպքում պատգամավորի լիազորությունների դադարման կարգը:
«ԱԺ կանոնակարգի 99-րդ հոդվածի 4-8-րդ կետերի դրույթներն այն մասով, որով առկա ընթացակարգերը պատգամավորի «լիազորությունների դադարում» ինստիտուտը գործնականում փոխակերպել են «լիազորությունների դադարեցում» ինստիտուտի, ճանաչել ՀՀ սահմանադրության 67-րդ հոդվածին հակասող և անվավեր»:
Սահմանդրության 67-րդ հոդվածը, մի շարք հիմքեր թվարկելով, նշում է, որ պատգամավորի լիազորությունները դադարում են մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից անհարգելի բացակայելու դեպքում նաև:
Սա, ըստ Սահմանադրական դատարանի, իմպերատիվ պահանջ է և նշանակում է, որ հիմքերի առկայության դեպքում լիազորություններն ավտոմատ դադարում են և ոչ թե քննարկվում- քվեարկվում, ապա նոր միայն դադարեցվում, ինչպես նախատեսում է ԱԺ կանոնակարգը:
ՍԴ-ն կարծում է, որ ԱԺ կանոկարգի հիշյալ հոդվածը փոփոխության կարիք ունի։
Դավիթ Հարությունյանի համար որոշման այս հատվածն անսպասելի էր:
«Որոշման մեջ կային կետեր, որոնք ես չէի սպասում: Այնուամենայնիվ՝ ունենք որոշում, ՍԴ որոշումն անմիջապես մտնում է ուժի մեջ: Կարծում եմ՝ այն նախագծով, որը վերջերս ընդունվել է առաջին ընթերցմամբ և բացակայությունների խնդրին է առնչվում, կկարողանանք լուծել այն հարցը, որը մտահոգում է ՍԴ-ին»:
Ավելին մեկնաբանել Դավիթ Հարությունյանը չցանկացավ, իսկ դիմող կողմի Գագիկ Ջհանգիրյանի մեկնաբանությունը որոշման վերաբերյալ լսել ընդհանրապես չհաջողվեց, քանի որ նա որոշման հրապարակմանը ներկա չէր։
Ի դեպ՝ դիմումի քննությանը, որոշման հրապարկմանը ներկա չէր և որևէ մեկը մոտ երեք տասնյակ պատգամավորներից, ովքեր ստորագրել են դիմումի տակ:
Հիշեցնեմ, ՍԴ դիմելու հայցը պաշտպանել էին ՀԱԿ, «Ժառանգություն» խմբակցությունները և ԲՀԿ խմբակցության պատգամավորների մի մասը։