ԿարևորՀասարակություն

Տակառագործ ճարտարագետի ձեռքը ժամանակի զարկերակին է

Վայոց Ձորի սրտում՝ Եղեգնաձորում, արդյունաբերական նախկին հսկայի՝ տրիկոտաժի ֆաբրիկայի կողքին փոքրիկ արահետը շեղում է այնտեղ հայտնված մարդու  ճանապարհն ու տանում դեպի մի վայր,  որը դրսից ոչինչ չասող շինություն է: Հենց այդպես էլ ես հայտնվեցի այնտեղ:

Արհեստանոց էր:  Դարպասից ներս միայն տարբեր չափի երկաթե հաստոցներ էին, որոնց ետևում  աչքս շոյեցին  կաղնե տակառները: Այդպիսի մեծ չափերի տակառներ տեսել էի միայն գինու և կոնյակի պահեստներում: Դրանք դեռ ապրանքային տեսքի չէին բերվել, մշակվում էին: 

Իսկ վարպետը  մասնագիտությամբ ճարտարագետ Հայկ Իսախանյանն է, ում միտքը մշտապես պրպտումների մեջ է:  21 տարի առաջ նա փնտրեց ու գտավ տնտեսական խնդիրները լուծելու իր ճանապարհը:

«Վայոց Ձորի մարզում հիմնական գերակա ճյուղերից մեկը գինեգործությունն է: Մենք ունենք  «Արենի» տեսակի խաղող, որից մենք, մեր պապերը, մեր նախնիները պատրաստել են բարձրորակ գինի: Ես լինելով ինժեներ՝ երկար տարիների փորձով, մտածեցի, որ կարելի է դնել տակառների արտադրնություն: Բոլոր հաստոցները ինքս եմ պատրաստել, գնված չեն: Երկաթները հավաքել եմ փողոցից, գնել շուկայից, Պարսկաստան գնացող հին  մեքենաներ եմ գնել, ձևափոխել ու պատրաստել տակառի արտադրություն»:

Հայկ Իսախանյանը մի պահ կտրվում է աշխատանքից ու եկվորիս բացատրում հնագույն արհեստների վերկանգնման կարևորությունը՝ տակառագործությունից մինչև գորգագործության մեջ կիրառվող բնական ներկերը:

«Մեր հին արհեստները, որով զբաղվել են մեր պապերն ու փոխանցել մեզ, շատ-շատերը կորել են: Օրինակ՝ նախկինում պապենական ձևով խալու թել են ներկել, հիմա վերացել է, մեզ անհրաժեշտ է, որ ձեռք բերենք՝ չկա: Մենք դրեցինք տակառների արտադրությունը, տարեցտարի ավելացրեցինք արտադրական ծավալը, ունեինք մինչև 8 բանվոր: Այն նպաստները, որ հիմա տալիս են մարդկանց, կարելի է ռացիոնալ օգտագործել՝ բավարար է տնտեսությունը վերականգնելու համար, առանց լրացուցիչ միջոցների: Որպեսզի գյուղացին 18000 դրամ նպաստ ստանա մորթեց իր անասունները: Հիմա գյուղացին գյուղացու նման չէ, ոչ հող է մշակում, ոչ անասուն պահում»:

Նպաստ ստանալու փոխարեն  Հայկը շարժել է միտքն ու ձեռքն առել արհեստագործական գործիքները: Սկսել տակառից: Վայոց Ձորի արևի տակ հասունացող խաղողներից ստացված գինիները տարիներ շարունակ պահվել են Հայկի ձեռքերով պատրաստված ու նորոգված 5 լիտրից մինչև մեկ տոննա տարողությամբ տակառներում։ Հիմա պատրաստվում է  տակառների տարողությունը հասցնել 10 տոննայի:

Արհեստանոցում մի քիչ  ընտելանալուց հետո նկատեցի, որ իմ շուրջ բոլորը փայտից պատրաստված տարբեր իրեր են, ժամացույցներ, լուսամփոփներ, կենցաղային տարբեր իրեր:  Հայկ Իսախանյանը 2-րդ կյանք  է պարգևել փայտին:

«Սա ընկուզենու փայտից ժամացույց է, շատ գեղեցիկ է: Ես պատրաստում եմ նաև հուշանվերներ, շշերի, գինու հետ կապված շատ նմուշներ, եթե դուք նկարագրեք, թե ինչ եք ուզում՝ ես կպատրաստեմ: Սա բար եմ պատրաստել, սեղան, աթոռ, տակառով սեղան: Այ սա, եթե կախես միջանքում, շատ գեղեցիկ կլինի՝ սև պոպոքից է»:

Սև ընկուզենուց պատրաստվածը փայտե ջահեր էին, ճանապարհներից հավաքած  մետաղե ջարդոններից էլ ձիթհան է պատրաստել. «Այս սարքը սեմուշկան առանձնացնում է կճեպից, սա մաղն է՝ մաղում է, լցնում ձեթի սարքի մեջ: Այս սարքի միջոցով կարելի է ամեն ինչից ձեթ ստանալ»:

Հայկ Իսախանյանին  չի մտահոգում 21 դարի նոր տեխնոլոգիաների զարգացումը, որը ժամանակի հրամայականով փոխում է  մարդու կյանքը: Նա գիտակցում է՝  էկոտուրիզմի զարգացման հիմքում մոռացված հինն է, հնագույն արհեստները: Հայկն  ամեն առավոտ սիրով է մտնում իր ինքնաշեն արհեստանոցը, ձեռքը վերցնում փայտն ու անցնում գործի՝ ձեռքը պահելով ժամանակի զարկերակի վրա, որի զարկերը զուգակցվում են իր ստեղծած փայտե ժամացույցների  համաչափ թկթկոցներին:

Back to top button