ԿարևորՏնտեսական

Ինչպես ավելի թափանցիկ դարձնել պետական ֆինանսները

Ինչպես ավելի թափանցիկ դարձնել պետական ֆինանսները։ Հարցի պատասխանն արտացոլված է ֆինանսների նախարարության 2019–2023թթ ռազմավարությունում։ 

Անկյունաքարը կառավարության ծրագիրն է, իրականացման հիմքում կառավարության նախաձեռնած բարեփոխումները՝  հարկային վարչարարության արդյունավետության բարձրացում, ստվերային տնտեսության ծավալների կրճատում, պետական եկամուտների կայուն աճի, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի ապահովում։

«Հանրային ծառայությունների գնահատման համակարգը քննարկվում է, հստակեցրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ կարևորելով քաղաքացիների հետ հետադարձ կապի ստեղծումը։ Առաջարկվող բոլոր լուծումների ակնկալվող  արդյունքը երկրի մրցունակության բարձրացումն ու հասարակության անդամների ընկալունակության փոփոխությունն է։ Ֆինանսների  նախարարը խոստացել է՝ ջանքեր կգործադրեն, որպեսզի  քաղաքացիների մոտ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ ունեցած ընկալումը փոխվի։

Երաշխավորել հանրային բարիքի արդար բաշխումը․ ֆինանսների նախարարությունն այս տեսլականն է դրել այսօր հաստատված փաստաթղթում։   Վիճակագրական կոմիտեի գնահատականի համաձայն` չդիտարկվող, կամ ինչպես ընդունված է ասել, ստվերային տնտե­սու­թյունը կազմում է ՀՆԱ-ի մոտավորապես 22%-ը: Ստվերի դեմ պայքարը կառավարության առաջնահերթություններից է։  Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյան․

«Ստվերային տնտեսության կրճատման ու մրցունակ բիզնեսին ուղղված հարկային քաղաքականության արդիականացումը հայտարարված առաջնահերթություն է։ Սա միայն պետական ֆինանսների տիրույթին վերաբերելի խնդիր չէ, բայց այստեղ շեշտադրումը հենց  հարկային քաղաքականությանն է ուղղված»։

Գերատեսչությունում արձանագրել են՝ գործող հարկային օրենսդրությամբ սահմանված են բազմաթիվ հարկային արտոնություններ։ Անհրաժեշտ է գնահատել դրանց արդյունավետությունն ու հասցեականությունը։ Գնահատման արդյունքներով ցածր արդյունավետություն ունեցող և հասցեականություն չունեցող հարկային արտոնությունները պետք է վերացվեն։  Բացի այդ, որպես խնդիր  առանձնացվում է

 ֆիզիկական անձանց կողմից ստացվող եկա­մուտ­ների ամբողջական հարկումը:

Հիշեցվում է, որ  խնդիրը լուծելու նպատակով Հայաստանում  տարիներ շարունակ քննարկվել է եկամուտների համա­տարած հայտարարագրման համակարգ ներ­դնելու հարցը: Ուստի անհրաժեշտ է ներդնել տնտեսական շարժառիթների հիման վրա գործող եկամուտների հայ­տա­րա­րագրման համա­կարգ։ Այս դեպքում`  ֆիզիկական անձինք, հարկման բազայից որոշակի նվազեցումներ կատարելու և տարվա ընթացքում այս­պես կոչված «ավել վճարված» հարկի գումարը հետ ստանալու իրենց իրավունքից կօգտվեն։

Նախարարն ընդգծում է պետք է կենտրոնանալ ոչ միայն աշխատավարձի չափի, այլեւ օգտակար գործողության գործակցի վրա։

«Սա չի նշանակում, որ աշխատանքի վարձատրությունը չի կարևորվում։ Սա նշանակում է, որ մենք, ինչպես բոլոր դեպքերում, այս դեպքում  նույնպես պետք է խոսենք հավասարակշռված մոտեցումների մասին՝ նպատակ ունենալով հանրությանը մատուցվող ծառայությունների որակը բարձրացնել»։

Առաջարկվում է  մարդկային կապիտալին և ենթակառուցվածքներին ուղղվող ծախսերի տեսակարար կշիռն ավելացնել։ Առանձնակի տեղ է հատկացվել պետական պարտքի արդյունավետ կառավարմանը․

«Պետական պարտքը զգայուն թեմա է, մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի ամեն ինչ թափանցիկ լինի, ուստի այս առաջնահերթությունը նույնպես ներառված է»։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կարևորում է հանրային ներդրումների արդյունավետ կառավարումը։ Ավելին, վստահ է՝ հատվածական լուծումները  միշտ չէ, որ արդյունավետ են: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանին հետաքրքրում է, թե ինչպես են չափելու հանրությանը մատուցվող ծառայությունների որակը։ Բացի այդ,  փորձում է հասկանալ՝ ինչպես են հասկանալու նոր նշանակված  բարձրաստիճան   պաշտոնյան  կոռուպցիոնե՞ր է, թե՞ ոչ

«Այսօրվա դրությամբ օրենսդրությունն այնպիսին է, որ երբ մարդը նշանակվում է պաշտոնի, կանխակալ մտածողություն կա, որ այս պաշտոնյան կարող է կոռուպցիոներ լինել։

Ֆինանսների նախարարը հստակեցրեց՝ մասնավոր ու պետական հատվածների կողմից մատուցվող ծառայությունների որակը տարբեր է, իսկ արդյունավետությունը  որոշվում է ստացվող շահույթով։

Հանրային ծառայությունների  գնահատման համակարգը քննարկվում է, հստակեցրեց  փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ կարևորելով քաղաքացիների հետ հետադարձ կապի ստեղծումը․   «Որպեսզի հասկանանք այս կամ այն հանրային ծառայությունը ինչպիսի գնահատականի է արժանանում քաղաքացիների կողմից։ Ի վերջո, բոլոր այդ ծառայությունները միտված են ՀՀ քաղաքացիների կարիքների բավարարմանը»։

Առաջարկվող լուծումների  ակնկալվող  արդյունքը երկրի մրցունակության բարձրացումն ու հասարակության անդամների ընկալունակության փոփոխությունն է։ Ֆինանսների նախարարը խոստանում է ջանքեր գործադրել, որպեսզի  քաղաքացիների մոտ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ ունեցած ընկալումը փոխվի։

Back to top button