Լիբանանի նորանշանակ դեսպանը Երևանում է
ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Հայաստանում Լիբանանի նորանշանակ դեսպան Ժան Մաքարոնին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, Էդվարդ Նալբանդյանը հաջողություն է մաղթել նրան առաքելության մեջ և հույս հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի և Լիբանանի միջև գոյություն ունեցող պատմական և ավանդական ջերմ բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը։
ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ վերջին տարիներին երկու երկրների նախագահների փոխայցելությունները նոր լիցք են հաղորդել հայ-լիբանանյան հարաբերություններին, առկա են նոր ծրագրեր և նախաձեռնություններ, որոնք կյանքի են կոչվում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Մաքարոնը վստահեցրել է, որ առավելագույն ջանքերը կներդնի տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցությունը զարգացնելու համար։ Նա հավելել է, որ Լիբանանը կարևորում է բարեկամ Հայաստանի հետ փոխգործակցության ընդլայնումը և խորացումը, ինչպես նաև ընդգծել է լիբանանահայ համայնքի մեծ ներդրումը Լիբանանի զարգացման և բարգավաճման գործում:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես Սիրիայի իրավիճակին: