ԿարևորՔաղաքական

Լեւոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց նորաստեղծ ՀԱԿ կուսակցության ղեկավար (Լրացված)

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր գումարվել է Հայ ազգային կոնգրես կուսակցության հիմնադիր համագումարը, որին մասնակցել են ՀԺԿ, ՍԴՀԿ, ՀՅԴ, ԲՀԿ կուսակցությունների ներկայացուցիչները: Դաշնակցությունից ներկա է եղել Արմեն Ռուստամյանը, իսկ ԲՀԿ-ից Ստեփան Մարգարյանը: Համագումարին չեն մասնակցել «Ժառանգության» ներկայացուցիչները, ինչպես նաև ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը:

Հիշեցնենք, որ ՀՀՇ-ն փետրվարի 23-ին, իր 18-րդ արտահերթ համագումարում որոշում կայացրեց Հայոց համազգային շարժում կուսկացությունը Հայ ազգային կոնգրես վերանվանելու մասին: Վերակազմավորված կուսակացության առաջին համագումարն այսօր ընդունել է ՀԱԿ- ի ծրագիրն ու կանոնադրությունը: Կուսակցության վարչության նախագահ է ընտրվել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանը: Նրա թեկնածությունն ընդունվել է միաձայն:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը ՀԱԿ հիմնադիր համագումարում ողջունեց նոր կուսակցության ստեղծումը, ի շահ երկրի արգասաբեր գործունեություն մաղթեց, նաև հայտարարեց, որ ընդդիմադիր ուժերի համագործակցության համար այս փուլում հիմքերը տեսնում է: Առաջիկա հնարավորությունն ու մարտահրավերն, ըստ Ռուստամյանի, Երևանի ավագանու ընտրություններն են: Դրանք ընդդիմադիր ուժերից իրավիճակի ճիշտ գնահատում և հաշվարկված գործողություններ են պահանջելու:

«Մենք ասում ենք, որ եթե չստացվեց նախընտրական դաշիքնը, ապա կարող է ստացվել հետընտրականը: Դեռ ոչինչ կորած չէ. այն, ինչ չլուծցինք հիմա, կարող ենք լուծել ընտրություններից հետո»:

Ընդդիմադիրների համագործակցության մասին խոսեց նաև ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը՝ հիշեցնելով, որ իրենց կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դեռ խորհրդարանական ընտրություններից առաջ էր բարձրացրել քաղաքական ու հասարակական ուժերի միջև լայն կոնսոլիդացիա ձևավորելու հարցը: Մարգարյանը նշեց, որ կոնսոլիդացիան ենթադրում է ուժերի համախմբում առողջ գաղափարի շուրջ:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընտրությունների է գնում հաղթելու նպատակով: Ընդհանուր հաղթանակը և քաղաքական մոնոպոլիայի վերացումը ևս հաղթանակ է»:

ՀԱԿ կուսակցությունը ստեղծվում է քաղաքակն երկու միավորների ՝ ՀՀՇ-ի և Հայ ազգային կոնգրես դաշինքի հիմքի վրա: Դաշինքին մաս կազմող ուժերից երկուսի ղեկավարները ՝ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանն ու ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն այսր հայտարարեցին, որ շարունակելու են համագործակցությունը ՀԱԿ-ի հետ:
ՀԱԿ խմբակցության քարտուղար, ՀՀՇ կուսակցության վարչության նախկին նախագահ Արամ Մանուկյանի դիտարկմամբ էլ ՝ ապրիլի 13-ը ՀՀՇ-ն ձևավորած գործիչների և ՀԱԿ դաշինքի մեջ մտնող քաղաքական միավորների համար նոր հանգրվան է: Նախկին ձևաչափն, ըստ Մանուկյանի, կատարեց իր անուրանալի առաքելությունը, իսկ նոր արդեն մոտ երկու հազար անդամագրված համակիր ունի:

«Վստահ եմ, նոր կուսակցությունն իր քաղաքական գործընկերների հետ վերստին կստանձնի քաղաքական օրակարգ ձևավորողի դերը»:

ՀԱԿ կուսակցության աշխատանքը սկսվելու է վաղվանից, մինչեւ այսօր ՀԱԿ դաշինքն էր , որը Հայաստանի պատմության մեջ գուցե ամենաբացառիկ միավորումն էր՝ սա արդեն ՀԱԿ դաշինքի առաջնորդ, իսկ այսօր համագումարի որոշմամբ ՀԱԿ կուսակցության վարչության նախագահ ընտրված Լևոն Տեր- Պետրոսյանի դիտարկումն է:

Վերլուծելով ՀԱԿ — ի գործունեությունը ՝ Տեր-Պետրոսյանը նկատեց, որ առնվազն չորս տարի, մինչեւ 2011 թ դաշինքը եղել է կուռ և համաձույլ, նոր կուսկացությունը ստեղծվում է դաշինքի շնորհիվ և այն նորաստեղծ է միայն ֆորմալ առումով. դրա հռչակումը , ըստ Տեր-Պետորսյանի, արդեն կատարվածի արձանագրումն է:

«Ոչ մի բան չի փոխվում, նույն մարդիկ են, բացի որոշ ուժերից, որոնք ուրիշ ճանապարհ ընտրեցին, մաղթում ենք հաջողություն եւ երախտապարտ ենք տարիների համագործակցության համար»:

Նոր կուսակացության գործունեության փիլիսոփայութւոնը առաջին նախագահը մեկ նախադասությամբ այսպես ձևակերպեց. «Բծախնդիր կերպով, քայլ առ քայլ իրականացնել ՀՀ Սահմանադրության դրույթները»:

Տեր-Պետրոսյանը խոսեց նաև իրեն այլընտրանք հռչակած ԲՀԿ-ի, «Ժառանգության» հետ համագործակցության, Երևանի ավագանու ընտրությունների մասին: ԲՀԿ-ի մասով նշեց, որ իր տպավորությամբ՝ Գագիկ Ծառուկյանը Խաչատուր Սուքիասյանի ճանապարհն է ընտրել, «Ժառանգության» մասին ասաց, որ ՀԱԿ-ը միակ ուժն էր, որ հստակ արտահայտվեց նախագահական ընտրություններում «Ժառանգության» առաջնորդի հաղթանակի մասին: Մյուս հարցադրմանը, թե ՀԱԿ-ն ինչու «Ժառանգության» հետ չէ, Տեր-Պետրոսյանն այս բանաձևով է պատասխանում:

«Մենք քաղաքական կուսակցություն ենք, մենք քաղաքական ուժ ենք և մենք աջակցում ու սատարում ենք բացառապես քաղաքական պրոցեսներին.կլինի քաղաքական պրոցես ՝մենք միշտ այնտեղ ենք, չի լինի՝ մենք չկանք»:

Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ քաղաքական պրոցես ասելով նախ և առաջ ընտրությունները նկատի ունի: Առաջիկա ընտրություններին ընդառաջ միասնական պրոցես տանելու հնարավորություն նա դեռ տեսնում է, իսկ նախապայման համարում է դեմագոգիայով ու կշտամբանքներով չառաջնորդվելը:

Back to top button