Քաղաքական

Քաղաքագետ.«Բոլոր քաղաքական ուժերը հավասար հնարավորություններ ունեն»

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Երեկ պաշտոնապես սկսվեց Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը: Բոլոր հիմնական քաղաքական ուժերը մասնակցում են այդ ընտրություններին: Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի գնահատմամբ` դա ողջունելի է: Ըստ քաղաքագետի` ընտրությունները լինելու են մրցակցային եւ ոչ իշխանական ուժերն ունեն բոլոր հնարավորություններն իրար հետ համագործակցելով մինիմիզացնել ընտրակեղծիքի գործոնը:

Երեւանի ավագանու ընտրություններում գլխավոր ինտրիգը քաղաքագետ Երվանդ Բոզոյանի գնահատմամբ այն է, որ մասնակից բոլոր հիմնական քաղաքական ուժերն էլ այս պահի դրությամբ հավասարազոր հնարավորություններ ունեն: Երեւանի ավագանու ընտրությունները ցույց կտան, թե մասնակից քաղաքական ուժերն իրենցից ինչ են ներկայացնում` կարծիք հայտնեց Երվանդ Բոզոյանը: Զուգահեռներ անցկացնելով անցած խորհրդարանական ընտրությունների հետ` քաղաքագետը նկատեց, որ այս ընտրություններում կուսակցությունների հավաքած ձայների առումով որոշակի տարբերություն է լինելու` հաշվի առնելով անցած նախագահական ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքած ձայները:

Նախագահական ընտրություններից հետո զարգացումները, ըատ Բոզոյանի, տրամաբանորեն կշարունակվեն ավագանու ընտրություններում: Այս առումով` «Ժառանգությունը» կբարելավի իր դիրքերը, սակայն եթե համեմատենք նախագահական ընտրությունների հետ, բնականաբար ավելի քիչ ձայներ կհավաքի, քանի որ նախագահականում նա հավաքեց գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերի ձայները` եզրահանգեց քաղաքագետը: Ըստ նրա` ոչ իշխանական ուժերը կարող են ավագանու ընտրություններում լրջագույն արդյունք ունենալ, եթե կարողանան համախմբվել: Համախմբվելն էլ քաղաքագետը իրատեսական է համարում` չնայած որ վերջիններս չկարողացան միասնական ցուցակով մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին:

Անդրադառնալով վաղը սպասվող երդմնակալության արարողությանը` քաղաքագետը նկատեց, որ վերջին հանրահավաքում Րաֆֆի Հովհաննիսյանը պնդեց իր պահանջները, ապա կարծիք հայտնեց, որ մինչ վաղը գործող նախագահի հետ հանդիպում չի կայանա: Երվանդ Բոզոյանն ասաց նաեւ, որ ինքը ցնցումներ չի կանխատեսում, եթե իհարկե, Րաֆֆի Հովհաննիսյանը չգնա զուգահեռ իշխանության ձևավորման: Քաղաքագետը կարծիք հայտնեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի և Սերժ Սարգսյանի պատկերացումները շատ են տարբերվում, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջները չափազանցված են, քայլերն էլ` անհամարժեք, ուստի` իրենք ընդհանուր հայտարարի չեն կարող գալ:

Back to top button