ԿարևորՔաղաքական

Ցմահ ազատազրկմանը վերաբերող օրինագծի քննարկումը հետաձգվեց

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Հաջորդ շաբաթ մեկնարկելիք  ԱԺ քառօրյայից առաջ  պետա- իրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր  հերթական նիստն է հրավիրել: Օրակարգային բոլոր հարցերը  դրական եզրակացություն են ստացել:  Հանձնաժողովը  քննարկված հարցերից միայն մեկի առնչությամբ է հետաձգման որոշում կայացրել:
Քրեական օրենսգրքում փոփոխություններ առաջարկող ԲՀԿ պատգամավորների նախագծի ընդգրկումը նստաշրջանի օրակարգ հետաձգվել է մինչև մեկ տարով:

Պատգամավորներն առաջարկում են վերանայել ցմահ ազատազրկման դատապարտելու ժամկետները, մասնավորապես՝  օրենսգրքում ամրագրել, որ ցմահ ազատազրկման չեն կարող դատապարտվել հանցանքը կատարելիս քսանմեկ տարին չլրացած անձինք:
Գործող օրենսգրքում սահմանագիծը  18 տարեկանն է: Կառավարության եզրակացությունն առաջարկի վերաբերյալ բացասական է:

Ազատազրկման վայրերում  այս պահին իր պատիժը կրող 103 ցմահ դատապարտյալից 22-ը դատապարտվել է մինչեւ 21 տարին լրանալը, նրանցից  15-ը զինվորական  ծառայության ժամանակ կատարած հանցանքների համար` 18-ից  20 տարեկանում:  Նաև այս վիճակագրությամբ են «Բարգավաճ Հայաստան»  խմբակցությունը ներկայացնող պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Էլինար Վարդանյանն ու Վահե Էնֆիաճյանը  հիմնավորում իրենց հեղինակած օրիանգիծը։
«Ցմահ ազատազրկումը 18-ից 20 տարեկանների նկատմամբ կիրառելն  արադարացված չէ հոգեբանական առումով», -ասում է  նախագծի հեղինակներից Էլինար Վարդանյանը:

Պետա- իրավականի այսօրվա նիստում, սակայն, հենց նախագծի հեղինակներն առաջարկեցին օրակարգում ընդգրկվելը հետաձգել մինչև մեկ տարով:
Հետաձգման ընթացքը, Էլինար Վարդանյանի խոսքով, ԲՀԿ կօգտագործի կառավարության հետ բանակցելու համար : Գործադիրը նախագծի վերաբերյալ բացասական եզրակացություն է ներկայացրել և նման փոփոխությունն այս փուլում   աննպատակահարմար է համարում:
«Հետաձգումը ենթադրում է բանակցություններ:  Կառավարությունն իր բացասական եզրակացության մեջ շեշտը դրել էր այն հանգամանքի վրա, որ մշակվում է Քրեական նոր օրեսգիրք, նաև նոր հայեցակարգ: Դա ենթադրում է, որ այս ընթացքում՝ հայեցակարգի մշակման փուլում,  մենք կարող ենք  ներկայացնել մեր առաջարկները: Եթե դրանք տեղ չգտնեն նոր նախագծում, մենք կպնդենք մեր առաջարկը»։
Իր բացասական եզրակացությունը կառավարությունը հիմնավորել է հանգամանքով, որ Քրեական օրենսգրքի նոր հայեցակարգն ու նոր նախագիծը  պատիժների համակարգի վերանայում են նախատեսում։
Ցմահ ազատազրկման ժամկետների փոփոխության հարցը, ըստ գործադիրի, ոչ թե մասնակի, այլ  համալիր լուծումներ ու ուսումնասիրություն է պահանջում:  Այսօր  լրագրողների հետ զրույցում էլ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը պնդեց, որ նման հարցերն այդպես ոտքի վրա չեն լուծվում:
«Չենք ցանկանում, որ որևէ հանցակազմ առանձնացնենք և ընդհանուր կոնտեքստից դուրս կարգավորենք: Այս հոդվածի դեպքում նույնպես փոփոխությունը լուրջ հիմնավորման կարիք ունի: Այսպես ոտքի վրա պատժաչափերը, ռեժիմները փոխելու առաջարկները միշտ չէ, որ կարող են սպասված արդյուքները տալ»:

Ընդհանրապես՝ արդարադատության նախարարն այս փուլում պատգամավորներին հորդորում է ձեռնպահ մնալ  Վարչական և Քրեական օրենսգրքում փոփոխություններ առաջարկելուց: Դրանց երկուսի նոր նախագծերն էլ մշակման փուլում են։
Ըստ Թովմասյանի՝ Վարչական նոր օրենսգիքրը պատրաստ կլինի արդեն այս տարի, Քրեականը՝ ավելի ուշ ՝ 2014-15-ին: Այս տարի նախարարությունը կհասցնի հաստաման ներկայացնել Քրեական նոր օրենսգրքի  հայեցակարգը միայն:

Back to top button