ԿարևորՔաղաքական

Ցեղասպանության կանխարգելմանը նվիրված գիտաժողով ՄԱԿ- ում

Ապրիլի 4-ին  Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնատեղիում, Հայաստանի մշտական ներկայացուցչության ու մի շարք հասարակական կազմակերպությունների հովանավորությամբ անցկացվեց ցեղասպանության կանխարգելմանը նվիրված գիտաժողով, որին մասնակցեցին անդամ պետությունների ներկայացուցիչներ, փորձագետներ ու մեծ թվով օտարերկրյա հյուրեր:

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը բացման խոսքում նշեց, որ ցեղասպանության հանցագործությունը կրկնվում է աշխարհի տարբեր անկյուններում՝ ընդգծելով ցեղասպանության կանխարգելման և այդ հանցագործության պատժման գործում միջազգային համագործակցության կարևորությունը:
Այս համատեքստում դեսպանն անդրադարձավ վերջերս ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից Հայաստանի նախաձեռնությամբ ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ ընդունված բանաձևին՝ կարևորելով ճշմարտության, արդարության վերականգնման, հատուցման և հանցագործներին քրեական պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը և ընդգծելով կրթության, ներառյալ՝ մարդու իրավունքների բնագավառում կրթական ծրագրերի կարևորությունը կանխարգելման հարցում:

Կարեն Նազարյանը խոսեց նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին՝ նշելով, որ այդ ուղղությամբ Հայաստանը շարունակելու է իր հետևողական քայլերը, և թուրքական կառավարությունը, չնայած իր կողմից որդեգրած մերժողականությանը, վաղ թե ուշ ստիպված կլինի ընդունել ճշմարտությունը:
ՄԱԿ-ում ՀՀ դեսպանը ողջունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչած բոլոր պետությունների և միջազգային կազմակերպությունների դիրքորոշումը,  ինչպես նաև այն թուրք մտավորականների, ուսանողների ու քաղաքացիների կեցվածքը, ովքեր  գիտակցում են ճանաչման ու դրա միջոցով այդ հանցագործության կանխարգելման կարևորությունը՝ սատար կանգնելով Ցեղասպանության ճանաչման և դատապարտման պայքարին:

Օրվա բանախոսները, որոնց շարքում էին գիտնականներ, դասախոսներ և արվեստագետներ, ներկայացրեցին իրենց ուսումնասիրություններն ու շեշտեցին նմանօրինակ միջոցառումների անցակցման կարևորությունը ցեղասպանությունների վերաբերյալ միջազգային իրազեկվածության բարձրացման առումով:

Միջոցառմանը նաև ցուցադրվեց Մայքլ Հակոբյանի՝ Խարբերդի ջարդերին անդրադարձող «Ձայներ լճից» վավերագրական կինոնկարը, որը ներկայացրեց հայտնի կինոռեժիսոր, մեկնաբան Կառլա Կարապետյանը:

Հանդիպման կազմակերպիչների կողմից պարգևներ ու շնորհակալագրեր հանձնվեցին ուսանողներին, ովքեր հաղթող էին ճանաչվել ցեղասպանության թեմայով շարադրությունների մրցույթում:

Back to top button