ԿԺԴՀ- ն ԱՄՆ- ին սպառնում է միջուկային զենքով


Հյուսիսային Կորեայի իշխանություններն զգուշացրել են Վաշինգտոնին, որ ԱՄՆ նախօրեին հնչեցրած սպառնալիքին ի պատասխան պատրաստ են կիրառել միջուկային զենք: Նման հայտարարությամբ հանդես է եկել Կորեական ժողովրդական բանակի գլխավոր շտաբի մամուլի քարտուղարը:
Նա ասել է, որ Վաշինգտոնի «թշնամական քաղաքականությունը» և «չմտածված միջուկային սպառնալիքը» ստիպում են իր երկրի իշխանություններին հաստատել միջուկային զենքի կիրառման հնարավորության մասին:
Նշենք, որ նախօրեին Պենտագոնը հայտնել էր, որ հակահրթիռային պաշտպանության նոր համակարգ է տեղադրում Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածում, որպեսզի պաշտպանի այնտեղ տեղակայված ամերիկյան ռազմաբազաները:
Ամերիկյան պաշտպանական գերատեսչության հայտարարությունում ասվում է, որ հակահրթիռային համակարգը կտեղակայվի Գուամ կղզում առաջիկա շաբաթների ընթացքում որպես Փհենյանի կողմից հրթիռային հարձակման սպանալիքի դեմ նախազգուշական քայլ:
Համակարգն իրենից ներկայացնում է ցամաքային տեղակայման հակահրթիռային համալիր, որը կիրառվում է միջին և փոքր հեռահարության հրթիռների թռիչքը օդում խափանելու համար:
«ԱՄՆ նախկինի պես կոչ է անում Հյուսիսային Կորեայի ղեկավարությանը դադարեցնել սադրիչ սպառնալիքները և ընտրել խաղաղության ուղին՝ կատարելով միջազգային պարտավորությունները: ԱՄՆ զգոն է հյուսիսկորեական սպառնալիքի հարցում և պատրաստ է պաշտպանել Միացյալ Նահանգների տարածքը, իր դաշնակիցներին և իր ազգային շահերը», — նշվում է Պենտագոնի հայտարարությունում: