Բաշխվեց եթերաժամը


Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
Օրակարգային երեք հարցով արտահերթ նիստ է այսօր գումարել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Արտահերթ նիստում որոշում է ընդունվել մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնների` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջեւ բաշխումը սահմանելու մասին:
Ըստ այդմ` 13 ընտրատարածքներում գործելու է 464 տեղամաս, նույնքան տեղամասային կենտրոն եւ հանձնաժողով: Հանձնաժողովներում 206 նախագահ եւ քարտուղար ունենալու է ՀՀԿ-ն, 144 նախագահ եւ տեղակալ` ԲՀԿ-ն: 36 հանձնաժողովի նախագահ եւ քարտուղար է ներկայացնելու ՀԱԿ-ը, 26-ական հանձնաժողովի նախագահ եւ քարտուղար են ունենալու Դաշնակցությունը, ՕԵԿ-ն ու «Ժառանգությունը»։
ԿԸՀ-ն երկու հիմնական որակական ցուցանիշով է բաշխումը կատարել, մասնավորապես` գլխավորն այն է, որ իշխանություն ներկայացնող եւ իշխանություն չներկայացնող կուսակցությունները մեկ հանձնաժողովում միաժամանակ չեն կարող ունենալ եւ նախագահ եւ քարտուղար: Հանձնաժողովների ձեւավորման վերջնաժամկետ է սահմանվել ապրիլի 10-ը, ժամը 18.00-ն:
ԿԸՀ-ն արտահերթ նիստում նաեւ սահմանել է Երեւանի ավագանու ընտրություններին մասնակից կուսակցություններին, կուսակցությունների դաշինքին Հանրային հեռուստատեսությամբ եւ Հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգն ու վիճակահանությամբ նաեւ ժամանակացույցը:
Ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկը կտրվի ապրիլի 7-ից` Հանրային հեռուստատեսությամբ ժամը 18.00-ին, Հանրային ռադիոյով` 13.00-ին: Ընտրություններին մասնակից ուժերը կօգտվեն Հանրային հեռուստատեսությամբ 30 րոպե անվճար եւ 50 րոպե վճարովի, Հանրային ռադիոյի` 50 րոպե անվճար եւ 80 րոպե վճարովի եթերաժամանակից։
Չօգտագործված եթերաժամանակն այլ ժամանակով չի փոխարինվի, նաեւ` այն չի կարող փոխանցվել մասնակից այլ քաղաքական ուժի: Վիճակահանությամբ հաստատվել է նաեւ եթերաժամանակից օգտվելու ժամանակացույցը: Նույն կարգով ԿԸՀ-ն այսօր բաշխել է նաեւ գովազդային պաստառներ փակցնելու իրավունքը։