

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»
Կիպրական բանկերի խոշոր ներդրողները կարող են կորցնել իրենց դեպոզիտների 60 տոկոսը: Կղզի-պետության Կենտրոնական բանկից հայտնել են, որ 100 հազար եվրոյից ավելի ներդրումները կփոխարկվեն արժեթղթերի, որոնց արժեքը կտրուկ անկում է ապրում:
Թեև նախապես հայտնի էր, որ խոշոր ներդրողները լուրջ վնասներ կկրեն, սակայն առգրավվման միջոցառումների մասշաբը շատերին հանկարծակիի է բերել, գրում է Բի- Բի- Սի- ն:
Կիպրոսում բնակվող հայերի ներկա խնդիրները չեն տարբերվում մյուս բնակիչների խնդիրներից: Չի կարելի այժմ տարանջատել կիպրացիներին եւ հայերին, որովհետեւ նրանց ճակատագիրը նույնն է, ասում է Կիպրոսի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Հակոբ Քասանջյանը:
Կիպրոսում այժմ բնակվում է շուրջ 3500 հայ, որոնք բոլորն էլ ունեն ֆինանսական խնդիրներ` բանկերում ոմանք ունեին փոքր գումարներ, այլ մարդիկ` ավելի մեծ:
«Շատերն արդեն մտահոգ են, որ կորցրել են իրենց փողերը: Հուսով ենք, որ վերջին պահին նոր լույս կերեւա: Թեկուզ եթե փողերը չկարողանան վերցնել, կարողանան վարկ վերցնել»,- հուսով է զրուցակիցս։
Ովքե՞ր են գերադասել իրենց գումարը պահ տալ կիպրոսյան բանկերին, եւ որքան հայկական կապիտալ կա կղզի-երկրում. հստակ թվեր, բնական է, չկան:
Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն այն կարծիքին է, որ Կիպրոսի փորձը ցույց տվեց` օֆշորային գոտիներն ու լայն հնարավորությունները միշտ չէ, որ հուսալի պայմաններ են ենթադրում: Սակայն կասկածի տեղիք չի տալիս այն, որ Կիպրոսի բանկերում հայկական կապիտալ կա հանգրվանած, այն էլ՝ ոչ փոքր։
Կիպրոսը, ըստ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի, այն երկրների թվում չէ, որտեղ կուտակված հայկական լուրջ կապիտալ կա: Ուստի՝ Կիպրոսում ծագած ֆինանսական ճգնաժամը հայ գործարարների գրպանին լուրջ հարվածով չի սպառնում, կարծում է նա:
Ասատրյանը հակված չէ Կիպրոսը մատնանշել այն երկրների ցանկում, ուր հայերը պահ են տալիս իրենց գումարները: Որպես հայկական կապիտալի ներդրման կամ կուտակման վայր` ԿԲ նախկին նախագահը հակված է նշել նախ Վրաստանը, ինչպես նախորդ տարիներին, ապա նաեւ այն երկրները, որտեղ կան հայաշատ համայնքներ, հատկապես` Ռուսաստանը, նաեւ եվրոպական առանձին երկրներ։
Կիպրոսում ծագած ֆինանսական խնդիրները, ըստ նրա, կիպրական դեպոզիտներից հետո ամենալուրջը տարածվում են այնտեղ պահ տրված ռուսական կապիտալի վրա:
Մինչ տարբեր քայլեր եւ օժանդակության միջոցներ են ձեռնարկվում, Կիպրոսում ֆինանսական ճգնաժամը շարունակվում է: Երկրում այսպես ասած բանկային արձակուրդը երկարաձգելու որոշմամբ Կիպրոսի Կենտրոնական բանկը փորձում է կանխել «կապիտալի փախուստը»։