Քաղաքական

Հանդիպման վայրը փոխել չի կարելի. ասուլիս Ազատության հրապարակում

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

«Մեր պայքարը ոչ շոու է և ոչ էլ պաշտոնակռիվ: Մենք մղում ենք բացառապես բովանդակային պայքար»,- այսօր Ազատության հրապարակում կայացած ասուլիսին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Շատ դժվար է, երբ պայքարում ես ոչ միայն իշխանությունների դեմ, այլև իրենց փորձագետ հռչակած մարդկանց և իրենց ընդդիմադիր լրատվամիջոց հռչակած կառույցների դեմ, որոնք հայտարարում են, թե նախորդ հանրահավաքին հնչած պահանջները ոչ այլ ինչ են, քան առևտուր, բազար և պաշտոնների պահանջ, ասում է նա։

Անդրադառնալով նախագահի մամուլի խոսնակի հայտարարությանը, թե Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը կարող է լինել միայն  նախագահի նստավայրում` Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ ներքաղաքական ճգնաժամը լուծելու համար  ամենահարմար վայրը  հենց Ազատության հրապարակն է:
Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրած պահանջներին՝  դրանք ևս փոփոխման ենթական չեն:

Արդյո՞ք «Ժառանգությունը» պատրաստվում է միանալ ընտրակեղծիքների դեմ պայքարելու համար միասնական շտաբ ձևավորելու ՀԱԿ-ի ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանի նախաձեռնությանը։ «Մենք ինչպես միշտ լինելու ենք բացառաբես բովանդակային և ճշմարիտ  քայլերի կողմնակից»,- ասաց  Արմեն Մարտիրոսյանը։
Խոսելով Երևանի ավագանու ընտրություններում ընդդիմադիր դաշտի` միասնական ճակատ կազմելու հարցին, որն այդպես էլ չձևավորվեց, Մարտիրոսյանն ասաց, որ դեմ է եղել ոչ միայն միասնական ցուցակի` Վարդան Օսկանյանի գլխավորելուն, այլև Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, թե միավորման առանցքը պետք է լինի «Բարգավաճ Հայաստանը»։
Մենք որևէ մեկին միավորվելու և նրա առանցքի շուրջը պտտվելու խնդիր չունենք, հետևաբար այդ առաջարկն էլ մեզ համար անընդունելի է, ասաց «Ժառանգության» փոխնախագահը։

 

 

Back to top button