Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»
Հայաստանում վերջին շրջանում գրանցվող դրամի արժեզրկումը սեզոնային բնույթ է կրում: Ինչպես ամեն տարի` արտարժույթի շուկայում ճնշումը կշարունակվի մինչեւ ապրիլ: Սա տնտեսագետ, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի դիտարկումն է, ով միաժամանակ դրամ-դոլար փոխարժեքի փոփոխությունները հակված է բացատրել նաեւ Հայաստանից արտարժույթի արտահոսքով:
Ընդ որում, ըստ նրա, արտահոսող գումարի ծավալն այնքան կարեւոր չէ, որքան միտումն է վտանգավոր։
Դրամի փոխարժեքի փոփոխությունները կանխատեսելն Ասատրյանն անշնորհակալ գործ է համարում, այնուամենայնիվ, հակված է կարծել, որ դրամի արժեզրկումը կշարունակվի:
Ասվածին համամիտ է ԲՀԿ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Արտահանման ծավալները, ըստ նրա, ավելի դանդաղ են աճում, քան՝ փողի արտահոսքն է: Դրան էլ ավելանում են միգրացիոն միտումները, եւ դոլարի նկատմամբ պահանջարկն ավելի է մեծանում:
Հենց դա էլ բերում է դրամի արժեզրկմանը: Կենտրոնական բանկն էլ, Բագրատ Ասատրյանի դիտարկմամբ, չի կարող ավելին անել, քան անում է։
Ո՞ւր է փախչում հայկական կապիտալը: Տնտեսագետները հակված են մատնանշել նախ Վրաստանը, ինչպես նախորդ տարիներին, ապա նաեւ այն երկրները, որտեղ մեծաթիվ են հայերը, հատկապես` Ռուսաստանը, նաեւ եվրոպական առանձին երկրներ:
Իսկ Կիպրոսը, ըստ Բագրատ Ասատրյանի, այն երկրների թվում չէ, որտեղ կուտակված հայկական լուրջ կապիտալ կա: Ուստի՝ Կիպրոսում ծագած ֆինանսական կապիտալը հայ գործարարների գրպանին լուրջ հարվածով չի սպառնում, կարծում է նա։
Վարդան Բոստանջյանն այլ կարծիքի է: Ովքեր են գերադասել իրենց գումարը պահ տալ կիպորսյան բանկերին եւ որքան հայկական կապիտալ կա կղզի-երկրում, հստակ թվեր, բնական է, չկան: Բոստանջյանն այն կարծիքին է, որ Կիպրոսի փորձը ցույց տվեց` օֆշորային գոտիներն ու լայն հնարավորությունները միշտ չէ, որ հուսալի պայմաններ են ենթադրում: Սակայն կասկածի տեղիք չի տալիս այն, որ Կիպրոսի բանկերում հայկական կապիտալ կա հանգրվանած, այն էլ ` ոչ փոքր։
Բանախոսները Հայաստանից գումարի արտահոսքի թեմայից հասան մինչեւ բնակչության արտահոսքին: Անդրադառնալով Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրված 1 մլն եվրո գումարին, որն ուղղված է արտագաղթի կասեցման եւ արտագաղթած հայերին ետ վերադարձնելու ծրագրին, բանախոսները դիտարկում արեցին, որ 1 միլիոն եվրոն շատ խղճուկ թիվ է ու խնդիր չի կարող լուծել։ Եվ ընդհանրապես՝ խնդրի լուծումը իշխանության ձեռքում է, որ առաջին հերթին արժանավայել ապրելակերպ ապահովեն։