Մշակույթ

«Ոսկե ծիրանի» թուրքական օրակարգը

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Տարածաշրջանային համայնապատկեր» ծրագրի շրջանակում «Ոսկե ծիրան»  կինոփառատոնն այս օրերին ներկայացնում է նաև թուրքական կինոարտադրանքը։ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում Հայաստան ժամանած թուրք կինոգործիչները պատմել են իրենց երկրում կինոյի ոլորտում տեղի ունեցած փոփոխությունների և, ընդհանրապես, ժամանակակից թուրքական կինոյի առանձնահատկությունների մասին։

16-ամյա Մահմուդի կյանքը կազմված է աղավնիներ կերակրելուց և փող աշխատելու նպատակով  ուրիշների աղավնիները գողանալուց։ «Աղավնագողերը» ֆիլմը թուրքական առօրյայից վերացած պարզ ու մարդկային պատմություն է։

«Աղավնիներ պահելը Թուրքիայում շատ տարածված է։ Ֆիլմի փառատոնային կյանքը սկսվել է  Սարաևոյի կինոփառատոնից»,-ասում է ֆիլմի պրոդյուսեր Սինան Սերթեն։ «Աղավնագողերի» պատմությունը մի կողմ ենք դնում ու թուրք կինոգործչի հետ զրուցում թուրքական կինոյի ներկա միտումների մասին։

«Թուրքիայում կինոթատրոններ այցելողների  թիվը տարեկան կազմում է 70-80 միլիոն մարդ։ Յուրաքանչյուր տարի  ավելի քան  հարյուր ֆիլմ է նկարահանվում։ Դրանք հիմնականում կոմերցիոն ֆիլմեր են՝ կատակերգային, դեդեկտիվ ժանրի։ Միջազգային հեղինակավոր փառատոններին մասնակցող, այսպես կոչված, արտ հաուս ֆիլմերի թիվը տարեկան շուրջ հիսունի է հասնում։ Տարածաշրջանի համար դա բավականին լավ  ցուցանիշ է»,-ասում է Սերթեն։

Հեղինակային ֆիլմ  արտադրողները դիմում եմ Թուրքիայի մշակույթի նախարարությունը, որն ունի հատուկ ֆոնդ նման ֆիլմերի համար։ «Նախկինում Թուրքիայում մենք չէինք կարող լինել համատեղ ֆիլմարտադրողներ արտասահմանյան ընկերությունների հետ,  սակայն այս տարի ընդունած կինոյի մասին օրենքը հարցը լուծեց»,-ասում է թուրք պրոդյուսերը։

«Օրենքի ընդունումից հետո Թուրքիան կարող է համատեղ արտադրող դառնալ այլ երկրների հետ։ Կարծում եմ, որ համատեղ արտադրությունները Թուրքիայում կավելանան։ Ինքս նման ծրագիր արդեն ունեմ։ Օրենքի բերած հիմնական փոփոխությունը դա էր»։

«Ոսկե ծիրան» կինոփառատոնում թուրքական կինոարտադրանքը ներկայանում է նաև «Վերջին ելքը» ֆիլմով։ Սցենարիստ Ջան Քանթարջիի խոսքով, ֆիլմը անկառավարելի զարգացող Ստամբուլի մասին է։ Հերոսը քաոսով ու  երեսպաշտությամբ սնվող  բետոնե այդ հսկայական ջունգլիում իր գոյությունից շնչահեղձ, հուսաբեկ ճարտարապետ Թաշինն է։

«Ստամբուլը անկառավարելի քաղաք  է, հատկապես վերջին 10-15 տարիների ընթացքում։ Զարգացումն այստեղ շատ խառնիխուռն է տեղի ունենում։ Սկզբում մենք  ուզում էինք գիտաֆանտաստիկ ֆիլմ նկարել, բայց մեր նախագծով ֆինանսավորում չգտանք ու փոխեցինք ուղղությունը»։

«Ռադիոլուր»-ի հարցին, թե Ստամբուլում այսօր սիրով ներկայացնում եք Պայլանների ստեղծած ճարտարապետությունը, արդյո՞ք կա միտում քաղաքի դիմագծում պահպանել ու շարունակել ճարտարապետության այս ուղղությունը, թուրք կինոգործիչն արձագանքեց․ «Պատմամշակութային ժառանգության ոլորտում Թուրքիայում այսօր ավելի լավ վիճակ է, քան նախկինում»։  Ջան Քանթարջին  առաջին անգամ է Հայաստանում։

Տպավորությունները,ասում է, հրաշալի են։ «Ամենուր ժպտացող մարդկանց եմ տեսնում»,- նշում է։

Back to top button