Հասարակություն

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի դեմ քրեական գործ է հարուցվել. ԱԺ պատգամավոր

Ագարակի պղնձամոլիբդենային գործարանի 1000-ից ավելի աշխատակից երկար ժամանակ է, ինչ գործադուլ է հայտարարել։ Աշխատողների մեծ մասը Ագարակի ու Մեղրիի բնակիչներ են: Նրանց   խնդիրն այսօր   բարձրաձայնել են ԱԺ –ի արտահերթ նիստում: ԱԺ-ի  «Իմ քայլ»-ը խմբակցության  պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասել է, որ կոպտորեն խախտվել են  բնակիչների աշխատանքային իրավունքները: ԱԺ  «Բարգավաճ Հայաստան»  խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ  տեղեկացրել է, որ  Ագարակի պղնձամոլիբդենային գործարանի ղեկավարությունը լրացուցիչ աշխատեցրել է, բայց դրա դիմաց չի վճարել:

«Ես խնդրին ծանոթ եմ նաև որպես տարածքից ընտրված պատգամավոր։ Այո, Ագարակի պղնձամոլիբդենային գործարանի շահագործման պատճառով բնակիչների հարակից տները հսկայական վնաս են կրել և որևէ կերպ չի փոխհատուցվել։ Բացի այդ, մարդկանց շահագործել են աշխատաժամանակից դուրս և որևէ ձևով չեն վարձատրվել։ Իմ դիմումի համաձայն, գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել։ Քրգործը ուղարկված է Հատուկ քննչական ծառայություն։ Այս տարածքից ընտրված պատգամավորներով պետք է հետամուտ լինենք, որ խնդիրը լուծվի, որովհետև Հայաստանում վաղուց անցել են ստրկատիրական ինկվիզիցիայի ժամանակները», — հայտարարել է Զոհրաբյանը։

Back to top button