լրացված 16.30
Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
Երեւանի աղբահանությունից դժգոհ մի խումբ քաղաքացիներ այսօր բողոքի ակցիա են անցկացրել Երեւանի քաղաքապետարանի դիմաց: Նրանք Երևանի Արշակունյաց պողոտայից աղբ են բերել Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ հանձնելու քաղաքապետարանին: Նրանք բողոքել են, որ քաղաքում աղբահանությունը պատշաճ չի իրականացվում։
Ֆեյսբուքյան օգտատերերը տեսանյութեր են տեղադրել բողոքի ակցիայից:
Ակցիայի մասնակիցներից է Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը: Ոստիկանությունը բերման է ենթարկել ակցիայի մասնակիցներից մի քանիսին:
Ոստիկանության աշխատակիցները նշել են, որ բերման ենթարկելը պայմանավորված էր քաղաքացիների կողմից ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու հանգամանքով։ Իսկ ոստիկանության աշխատակիցը պահանջում էր, որպեսզի ակցիայի մասնակիցները հավաքեն այն աղբը, որը բերել և լցրել էին քաղաքապետարանի շենքի մուտքի մոտ։
Ավելի ուշ ակցիային ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ տեղեկացնելով, որ աղբահանության հարցը մայրաքաղաքում շուտով կլուծվի:
«Չգիտեմ, թե որքանով են քաղաքացիները ճիշտ հասցե ընտրել իրենց բողոքի համար, քանի որ հայտնի է, որ մինչ օրս «Սանիթեք» ընկերությունն է ըստ պայմանագրի համարվում աղբահանության օպերատորը։ Աղբահանության նորաստեղծ համայնքային հիմնարկը կոչված է ապահովել քաղաքի մաքրությունը հիմնական օպերատորի անկարողության դեպքում, և հիմնարկը հիմա համալրվում է անհրաժեշտ մարդկային և տեխնիկական ռեսուրսով։ Մոտ օրերս Երևան կհասնի նոր աղբարկղերի խոշոր խմբաքանակ, իսկ մի քանի շաբաթից կժամանի աղբատար մեքենաների մի մասը, որը զգալիորեն կթեթևացնի աղբահանության հարցը։
Ընդհանուր, ինչպես հայտնի է, գնվել է 24 մեքենա, ևս 10-ի գնումը ընթացքի մեջ է։ Առկա անբավարար վիճակը ստեղծվել է տարիների ընթացքում և պատճառները բազմապիսի են։ Այնուհանդերձ, ևս մեկ անգամ հայցում ենք համաքաղաքացիների ներողամտությունը ստեղծված անհարմարության համար և խնդրում ենք զինվել համբերությամբ։ Աղբի խնդրի լուծումը շատ մոտ է»,- գրել է Հակոբ Կարապետյանը։