Արմինե Գևորգյան
«Ռադիոլուր»
Երկու օր շարունակ նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի հարավում էր. նրա օրակարգը բավականին հագեցած էր՝ այցելություն արդյունաբերական ու արտադրական ձեռնարկություններ,մշակութային ու բժշկական կենտրոններ և իհարկե մարտական դիրքեր:
«Ինձ համար սա այց չէր,դա նման է նրան, որ գալիս ես տուն ու սկսում ես ամփոփել ինքդ քեզ»։ Այսպես մեկնաբանեց նախագահ Արմեն Սարգսյանը սյունիքյան իր այցելությունը:
«Երեք տարբեր տեղեր՝ Մեղրի, Կապան, Գորիս, կարծես թե, նույն Սյունիքի ժողովուրդն են, բայց շատ տարբեր են իրարից և գեղեցիկ». այս գնահատականը նախագահ Արմեն Սարգսյանինն է:
Իսկ այցը բավական հագեցած օրակարգով էր: Երկրորդ օրվա երկրորդ կեսը մշակութային էր՝ նախ այցելություն Քարահունջ, որտեղ արդեն հինգերորդ տարին անցկացվում է «Թթի փառատոն»: Այս գողտրիկ վայրում միախառնվել էր հայկական երգն ու պարը, յուրաքանչյուր սեղան գովերգում էր իր թթի օղին ու թթով պատրաստված ուտեստները, իսկ որոշներն էլ նախագահին հրավիրեցին շուրջպարի։
Քարահունջից մեկ այլ մշակութային միջացառում՝ այս անգամ մեծ գրող Ակսել Բակունցի անվան տուն թանգարան:
Այստեղ Գորիսի երաժշտական դպրոցի սաները նախագահի համար պատրաստել էին անակնկալ՝ նրան դիմավորեցին գեղեցիկ երաժշտական կատարումներով, նախագահն էլ անմասն չմնաց ու սկսեց ձայնակցել վերջիններիս հետ:
Հաջորդ կանգառը արդեն Գորիսի ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնն էր: 6 տարի առաջ բացված այս կենտրոնը նպաստել է, որ հարյուրավոր մարդկային կյանքեր փրկվեն ու հիվանդներն այլևս չբռնեն Երևանի ճանապարհը:
Հիմնական մայրուղուց մինչև հիվանդանոց տանող ճանապարհը ընդամենը 1 կմ էր, որը մեղմ ասած գտնվում էր անբարեկարգ վիճակում: Երբ մուտք գործեցինք հիվանդանոց, բոլորին նույն հարցն էի տալիս․«այս ճանապարհով մինչև հիվանդին տեղ հասցնեն չե՞ք կարծում, որ նրա վիճակն էլ ավելի կբարդանա: Հիվանդանոցի աշխատակիցները նշում էին ,որ իրենց էլ է այդ հարցը շատ մտատանջում, ու ամեն անգամ, երբ խոսում են ճանապարհից, խոստանում են վերանորոգել: Գորիսի քաղաքապետ Առուշան Առուշանյանը, որը ուղեկցում էր նախագահին, «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց ,որ ճանապարհը հավանաբար կվերանորոգվի 2020 թին :
Հիվանդանոցը նախագահի վերջին կանգառն էր: Հետո արդեն ամփոփելով այցը նախագահը ներկայացրեց իր դիտարկումները ՝ ցավով նշեց, Սյունիքն ունի մեծ ներուժ, որի մի մասը դեռևս չի օգտագործվում։
«Եթե սկսենք օրինակ՝ Մեղրիից, հույս ունեմ, որ Մեղրիի ազատ տնտեսական գոտին շատ արագ կգործարկվի։ Այդ գոտու նկատմամբ մեծ հետաքրքրություն կա։ Այն ոչ միայն Սյունիքի համար կիրառական, կյանքի նշանակություն ունի, այլ նաև ողջ Հայաստանի համար։ Մեծ թվով ընկերություններ պատրաստ են և հետաքրքված, որպեսզի Հայաստանի ազատ տնտեսական գոտին օգտագործեն Իրանի Իսլամական Հանրապետության շուկա մտնելու համար»:
Խոսելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ այցելության մասին, նախագահը էական համարեց այն, որ Հայաստանի մասշտաբներով հսկա կառույցը միշտ ուշադրությամբ հետևի բնապահպանական խնդիրների լուծմանը և սոցիալական ծրագերի իրագործմանը: Միևնույն ժամանակ նշեց, որ նույն Կապանում, որը եղել է արդյունաբերական քաղաք, ներկայումս արդյունաբերության մի զգալի մասը կորսված է.
«Ինչու եմ ասում կորցրել է, որովհետև արդյունաբերության մի մեծ մասը կորցնելով, նաև աշխատանքային տեղերն են կորցնում, անհատները լքում են իրենց հայրենիքը, տեղափոխվում են Երևան, գուցե հետո արտասահման, այն դեպքում, որ կարող էին ապրել այնտեղ։ Նույն Կապանում եղել է և’ թևթև, և’ սննդի արդյունաբերություն»:
Սակայն նկատեց,որ դրա հետ զուգահեռ Սյունիքում կան մի շարք ձեռնարկություններ, որոնք զարգանալու և ընդլայնվելու ներուժ ունեն: Վերջինս պատրաստակամություն հայտնեց օգնելու այդ ընկերություններին՝ արտաքին շուկա դուրս գալու համար։