ԿարևորՀասարակություն

Կյանքից հեռացել է դեսպան Արման Կիրակոսյանը

Մահացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը։ Այս մասին հայտնում է ԱԳ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։

«Խորը կսկիծով տեղեկացանք, որ 63 տարեկան հասակում կյանքից վաղաժամ հեռացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը, ով առաջին իսկ օրվանից կանգնած է եղել նորանկախ Հայաստանի դիվանագիտական ծառայության և արտաքին քաղաքականության կայացման ակունքներում և իր անգնահատելի ներդրումն է ունեցել այդ գործում։

Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Կիրակոսյանների ընտանիքին և հարազատներին, բոլոր նրանց, ովքեր սգում են նրա կորուստը»,- ասված է ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Արման Կիրակոսյանը Արտգործնախարարության համակարգում էր 1992 թվականից, տարբեր տարիների զբաղեցրել է արտգործնախարարի տեղակալի, ԱՄՆ-ում, Հունաստանում, Ավստրիայում և Հունգարիայում, Միացյալ Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի, ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավարի, Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնները: Հայտնի պատմաբան, խորհրդային Հայաստանի 1975-85 թվականների արտգործնախարար Ջոն Կիրակոսյանի որդին է:

Back to top button