Հայկական կինոյի կենդանի վավերագրերը նաեւ Google map-ում
Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»
«Աշխրհի իսկական կենտրոնը Գյումրին է, հմը շատ պեդություններ չտսնելու կուդան»՝ Գյումրվա բարբառով գրված ցուցանակը փակցված է Գյումրիի պատմական միջուկի հին շինություններից մեկի կամարին։
«Որ բոլորն իմանան»,-ասում է «Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտական կենտրոն»-ի պատասխանատու Արսեն Վարդանյանը։
Շիրակի մարզի զբոսաշրջային հասցեներն ու հասցեատերերին ուսումնասիրել, հաշվառել ու ցուցակագրել են «Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտական կենտրոն»-ում, կենտրոնի պաշտոնական էջից թե՛ զբոսաշրջության սիրահարները, և թե՛ տուրիստական ընկերությունները կարող են ճշգրտել հասցեներ ու նորություններ հայերեն և անգլերեն լեզուներով։
Կենտրոնի աշխատակից Լուսինե Ավագյանը քարտեզն է ներկայացնում .
«էստեղ ընդգրկված են Գյումրիում նկարահանված բոլոր ֆիլմերի հրապարակները, նաև լուսանկարներով, որ մարդկանց ավելի հեշտ լինի, երկլեզու անգլերեն ու հայերեն, նաև տեղադրել ենք ֆիլմի համապատասխան հասցեն»։
Գյումրիի պատմական միջուկում բազմաթիվ ֆիլմեր են նկարահանվել, Արսեն Վարդանյանը անվճար սիթիտուրեր է կազմակերպում։ Մեզ էլ ուղեկցեց դեպի այն փողոցներն ու բակերը, որտեղ ժամանակին կինոհրապարակներ էին։ Արսենն իր հետ վերցրել էր ֆիլմերի դրվագները պատկերող լուսանկարներ և ֆիլմերի նկարահանումներից հետաքրքիր մանրամասներ պատմելիս համադրում էր ֆիլմի տվյալ դրվագը պատկերող լուսանկարն ու իրական բակը, կամ՝ փողոցը։ Մտնում ենք մռայլ կամարներով դարպասված ու արևով ջերմացած պատշգամբներով մի բակ։
«Պայմանականորեն էս բակն անվանել ենք հոլիվուդի բակ, որովհետև մի քանի հայտնի ֆիլմերի դրվագներ նկարահանվել է էս հատվածում»,-ասում է «Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտական կենտրոն»-ի պատասխանատուԱրսեն Վարդանյանը:
«Մեր մանկության տանգոն», «Ուրախ ավտոբուս», «Տխուր քաղաքի լուսաբացը» ֆիլմերը բակը դարձրել են հայտնի ու տասնյակ տարիներ այստեղ գրեթե ոչինչ չի փոխվել։
Բակից դուրս ենք գալիս ու անմիջապես հայտնվում դարբին Մկրտիչներով հայտնի «Եռանկյունի» ֆիլմի փողոցում. «Հասանք եռանկյունի ֆիլմից հայտնի այն պատշգամբին, երբ որ սուլոցը ազդանշան էր և Սոֆիկը դուրս էր գալիս»։
Այս անգամ սիրուն Սոֆիկը դուրս չեկավ, բայց միևնույնն է փողոցում դեռ տեսնելու և նույնականացնելու շատ դրվագներ կան սիրված ֆիլմերից։
«Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտական կենտրոն»-ում ոչ միայն հասցեներ, նաև հետաքրքիր մարդկանց են ցուցակագրել և գուգլմապս հավելվածի օգնությամբ տեսանելի դարձրել։
«Ամեն օր քարտեզին նոր հավելումներ է անում»,- նշում է կենտրոնի աշխատակից Հարությունյան Հարությունը, նաև հավելում,- «էստեղ մենք տեսնում ենք յուրահատուկ կենցաղավարությամբ ապրող մարդկանց քարտեզը, համ քաղաքաբնակ, համ գյուղաբնակ, կապույտով տղամարդիկ են նշած, վարդագույնով՝ կանայք։ Օրինակ՝ հյուսիսում կարող են ներկայացնել Իրինա Թադևոսյանին, համ ֆերմեր է, համ էլ տուրիզմով է զբաղվում»։
Քարտեզի վրա կապույտ նշումներից մեկը ցույց տվեց ցույց տվեց Նարեկ Դավթյանին Հոռոմոմ գյուղում։ Հետաքրքրասիրությունը տանում է դեպի գյուղ Հոռոմ, Նարեկենց տուն։ Հնաոճ պղնձե իրերի սիրահարները իրենց հետաքրքրությունը հաստատ կբավարերեն հոռոմցի Նարեկենց տանը, ինչը երիտասարդը թանգարանի է վերածել։ Ոչ միայն Հայաստանի տարբեր բնակավայրերից, նաև տարբեր երկրներից Նարեկն իր հավաքածուն համալրել է պղնձե հնաոճ իրերի բացառիկ նմուշներով, որոնցից շատերը զարդարված են հետաքրքիր զարդանախշերով ու թերևս մեզ համար անհասկանալի գրերով։
Հոռոմ գյուղում Նարեկին հրաժեշտ ենք տալիս և «Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտական կենտրոն»-ի քարտեզի օգնությամբ Գյումրեցի արվեստագետների ու արհեստավորների նոր հասցեներ որոնում։ Քարտեզի հասցեներում մեծ թիվ են կազմում հատկապես Գյումրեցի արվեստագետներն ու արհեստավորները։ Օրինակ՝ Գյումրիի բրենդը համարվող կլկլան, կամ մուշուրբա պատրաստող վարպետ էդիկի ու գործը շարունակող որդիների մասին կարող են նաև անգլերենով գտնել տեղեկություններ։ Գյումրեցի հայտնի դարբինների ու դարբնագործ իրերի մասին։ Կամ՝ Կավագործ Վազգենի, ով կավին շունչ տված իր գործերին ժայռապատկերներից ու սեպագրերից բացի նաև հին գորգերի զարդանախշերն է դրոշմում։
Այս տարի Գյումրիի զբոսաշրջային գրավչությունը գնահատողների թիվը զգալի աճել է, փաստում է Գյումրիի քաղաքապետը, միայն Սև ամրոց անցած ամիս ավելի քան 4000 զբոսաշրջիկ է այցելել։
«Իհարկե էս ամիս ավելի շատ կլինի, որովհետև տուրկամպանյաները բերում են ռուսթավելի փողոց, հիմա արդեն Շիրազի փողոց կբերեն»,-ասում է Սամվել Բալասանյանը։
Արհեստների, արվեստների ու մշակույթի քաղաք Գյումրին վստահեցնում է, շուտով հյուրերին նաև մշակութային տուրերի կհրավիրի։