ԿարևորՄշակույթ

Ինչպես է հնչում թղթից պատրաստված երաժշտական գործիքը

Աիդա Ավետիսյան
«
Ռադիոլուր»

Մարդկային վառ երևակայության եզրերն անսահմանափակ են: Համոզվելու համար հեռու գնալ պետք չէ:  Բավական է այցելել Գյումրիի Անկախության 9 հասցեում գտնվող Վալերի Նազարեթյանի մինի թանգարան, ծանոթանալ  նրա կիրառական արվեստի անզուգական նմուշներին: Ժողովրդական ու էստրադային երաժշտական  տարատեսակ գործիքներ, որոնք իրենց բնօրինակներից տարբերվում են միայն չափերով։

Գյումրեցի երիտասարդ  տաղանդավոր վարպետը սկսել է  այս անիրական երևակայության գործը դեռևս ուսանողական նստարանից՝ Երևանի օպերային թատրոնի շենքի մանրակերտի պատվերից: 

«Դասախոսի սենյակում պատին փակցված էր Օպերայի շենքը: Գիտեր, որ թղթից մանր  իրեր եմ պատրաստում, ինձ հարցրեց, կարո՞ղ եմ պատրաստել: Ես էլ վստահ ասեցի՝ դրա եղածն ինչ է, որ չպատրաստեմ: Զանգեց Օպերայի տնօրինությանը ու հարցրեց՝ կցանկանան մանրակերտն ունենալ: Նրանք էլ պատասխանեցին, որ լավը լինի, կգնահատեն ու կգնեն:  Ու արձակուրդներին Երևանում ամբողջ օրը մետրով Օպերայի շենքի մոտ չափ ու ձև էի անում: 4 ամսում պատրաստեցի ու տարա համալսարան: Դասախոսս տեսավ, զարմացավ: Զանգեց տնօրինությանը, ասաց, որ պատրաստ է: Շատ հավանեցին ու առան: Ես էլ այդ գումարով ուսանողական հարցերս լուծեցի»:  

220 անգամ փոքրացված թղթե շենքի նման  պատրաստվել են նաև երաժշտական գործիքներ: Առավել աչքի ընկնող  երաժշտական գործիքներից  շատերն անգամ իրենց հնչողության ելևէջներով մոտեցված են բնօրինակներին:  Ձեռքի ափաչափ ակորդեոն, ռոյալ, կիթառ, հարվածային գործիքներ, դուդուկ… 

«Ես կուզեմ, որ ունենանք աշխարհի տարբեր երկրներից սիրված բաներ և մարդիկ կարողանան դա տեսնել նաև այս թանգարանում»: 

Վարպետների քաղաքից Վալերի Նազարեթյանի մեծ երեւակայությունից ծնված փոքր մոդելները երկար նյարդերի ու ծով համբերության պտուղ են: Ու առավել զարմանալի է, որ դրանք ստեղծված են թղթից։ 

«Սա ռոյալն է, որը պատրաստված է լրիվ թղթից: Մի անգամ Երևանից հյուրեր ունեինք, եկան նայեցին, ասեցին, որ չեն հավատում, որ թղթից են: Ասեցի վճարեք 4 ամսվա աշխատանքի գումարը, հիմա ձեր աչքի առաջ ճղեմ: Սա հնչյուններ չի արտաբերում, սա արվեստի գործ է: Ես երեք տեսակի աշխատանքներ են պատրաստում , մի տեսակը լրիվ արվեստի գործ, մի տեսակը շարժական, մյուսը՝  լրիվ կենդանություն: Սա  Վեխմեստր ֆիրմայի ակորդեոնն է, որը  խորհրդային միության տարիների լավագույն երաժիշտների լավագույն գործիքն էր: Սա ձայն հանում է օդամղելու միջոցով»:  

Վալերի Նազարեթյանը սկզբում ժամանակի մեծ մասը ծախսել է  թղթերի ընտրության վրա,  սակայն այսօր դրանում էլ է վարպետացել, թղթին նայելով արդեն պատկերացնում է, թե դրանից ինչ կարող է դուրս գալ։ 

«Սերը երաժշտական գործիքի հանդեպ կար ու որոշեցի  երաժշտական գործիքները ստանալ յուրահատուկ ձևով, որովհետև հասել էի այնպիսի մի վիճակի, որ ինչ ասես ինչ նյութից ասես կարող էի ստանալ: Հիմա այդպիսի բան աշխարհի տակ չկա, որ ինձ ցույց տան ու ես չկարողանամ դարձնել  իրականություն: Թե՛ թղթից, թե՛ այլ նյութից: Սակայն հիմնականում թղթից եմ պատրաստում, դա իմ ոճն է»:  

Ու թղթե մանրակերտով կենդանացնում է մանկական հուշերը։ Մայրական պապի տունն է, սենյակի պատից կախված «Յանտար» ժամացույցը, սեղան, որի վրա 70-ականների արտադրության ռադիոընդունիչն է՝ ձայնարկիչով եւ ձայնասկավառակով: Թղթե ժամացույցի սլաքներն այստեղ պտտվում են, իսկ թղթե ձայնարկիչից հնչում էր Ազնավուրի ձայնը.

«Սա ձայնապնակն է: Այստեղ նույնիսկ  վրան  ռուսերեն գրված է «մելոդիա»: 

Երաժշտական բոլոր գործիքները ներկայացված են իրենց պատյաններով: Իսկ հայկական դուդուկի պատյանը՝ երևակայության երևակայություն:

«Մեր հայկական դուդուկն այդպիսի պատյան չի ունեցել: Մեկն ունեցել է շորից, մյուսը՝ կաշվից պատյաններ: Բայց թասիբի հարց էր մերն ունենալը: Ու պատրաստեցի հայկական դուդուկն իր պատյանով»: 

Ու ինքնատիպ այս թանգարանից դուրս ես գալիս՝ հատուկ տետրում գրելով ցանկությունդ, թե ինչ կուզեից տեսնել այստեղ՝ հաջորդ գալուդ։ Ես էլ իմ ցանկությունը թողեցի, հուսալով, որ հաջորդ այցիս այստեղ կտեսնեմ Ռադիոտան մեր շենքի մանրակերտը՝ իր աշխատասենյակներով ու տաղավարներով։ 

Back to top button