ԿարևորՔաղաքական

Ամբարտավանությո՞ւն, թե՞ պրոգնոզ. ԱԺ ճեպազրույցներում

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/03/220313aj.mp3

Խորհրդարանական ճեպազրույցներում այսօր կրկին հիմնական թեմաները երկուսն են եղել՝  հետընտրական  զարգացումներ և Երևանի ավագանու ընտրություններ: Խորհրդարանում ներկայացված բոլոր ուժերը պատրաստվում են մասնակցել մայիսի 5-ին կայանալիք ընտրություններին և այսօր վստահեցրել են, որ դրանց նախապատրաստվում են ամենայն լրջությամբ:
 «Ժառանգություն» խմբակցության համար հիմնական թեման շարունակում է մնալ հետընտրական իրավիճակն ու դրա հանգուցալուծումը:  Երևանի ավագանու ընտրություններին կուսակցությունը  կմասնակցի, բայց  քաղաքական պայքարի ամբողջ վեկտորը դեպի այդ ընտրություններ չ տեղափոխի:

«Երբեմն հայտարարում են, որ սրանք ի վերջո տեղական ինքանկառավարման մարմինների  ընտրություններ են: Այո, բայց ցանկանան թե ոչ, պետք է ընդունեն, որ այդ ընտրությունները կայանալու են այս բարձրագույն քաղաքական ալիքի վրա»,- ասում է Ռուբեն Հակոբյանը։
«Ժառանգության» համամասնական ցուցակը կամ «Բարև Երևան» դաշինքը  1/3-ով ներկայացնում է քաղաքացիական հատվածը, որ սա ցուցակի  հիմնական առանձնահատկությունն է: Խմբակցության ղեկավարը  չի բացառում, որ  ոչ իշխանական ուժերը, նվազագույն շեմը հաղթահարելուց հետո, ավագանիում դաշինք ձևավորեն։
«Այո , ես հնարավոր դիտում եմ, որ ոչ իշխանական ուժերը համապաստախան քվեներ ստանալուց հետո ոչ իշխանական կոալիցիա ձևավորեն: Բայց դրան պետք է նախորդի այդ ոչ իշխանական կամ ոչ կոալիցիոն ուժերի ազնիվ, կրկնում եմ, ազնիվ նախընտրական պայքարը»:

Ինչ վերաբերում է հետընտրական իրավիճակին ու դրա հանգուցալուծմանը , ապա,  «Ժառանգության» ներկայացուցիչների կարծիքով, երկխոսության ճանապարհը դեռ փակված չէ: Ռուբեն Հակոբյանն ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր առաջարկներ  կներկայացնի:

ՀՅԴ-ն նույնպես կարծում է, որ հետընտրական իրավիճակը հանգուցալուծում է պահանջում և այն կարող է կայանալ միայն քաղաքական համաձայնության դաշտում: Խմբակցության քարտռուղար Աղվան Վարդանյանը վստահ է, որ և իշխանությունը, և ընդդիմությունը ունեն իրավիճակի համարժեք գնահատականները և պետք է կարողանանա համատեղ լուծումներ գտնել:

«Այլապես, եթե մի կողմն ասում է՝ հրապարակում ընդամենը 3000 մարդ է, մյուս կողմն էլ ասում է՝ ապրիլի 9-ին 1.5 մլն մարդ կբերենք հրապարակ, սրանք  այլ ոլորտի խոսակցություններ են և իրավիճակը հանգուցալուծման չեն տանի»։
Ինչ վերաբերում է Երևանի ավագանու ընտրություններին, ապա Դաշնակցությունը սա քաղաքական պայքար է համարում, ընտրությունների գնում է ամբողջ թիմով ու դրանք դիտարկում է որպես  հնարավորություն ապացուցելու, որ Դաշնակցության կշիռն այն չի, ինչ եղել է խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Դաշնակցություն այս ճանապարհին միայն մի մտավախություն ունի:

«Վախենում եմ մի բանից. իշխանություններն ասում են, որ այս ընտրություններն ավելի լավն են լինելու, քան նախագահական ընտրությունները, նույն բանն ասում էին խորհրդարանականից հետո: Կատարելության այս ձգտումը կարծես սահման չունի»:
Կուլիսայաին խոսակցությունները, թե ՕԵԿ-ին տրվելու է փոխքաղաքապետի պաշտոնը, խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը իրականությանը չհամապատասխանող որակեց: ՕԵԿ-ը նույնպես կարծում է, որ լավ թիմով է ներկայանում, իսկ սպասվող պայքարը  խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանն առավել քան   մրցակցային է համարում:

ՀԱԿ-ը նույնպես չի բացառում, որ  անցողիկ շեմը հաղթահարելու դեպքում ոչ իշխանական ուժերը Երևանի ավագանիում դաշնակցային հարաբերությունների մեջ կմտնեն: Քաղաքապետի ՀԱԿ թեկնածուն Վահանգն Խաչատրյանն է:
Սահմանադրական պայքարի ճանապարհին «Ժառանգությանը» խորհուրդներով օգնելու  անհրաժեշտություն ՀԱԿ-ից Գագիկ Ջհանգիրյանը չի տեսնում: Լրագրողներին հետաքրքրում էր, թե ինչո՞ւ Լևոն Տեր-Պետրոսյանը չի այցելում Ազատության հրապարակում հացադուլն արդեն տևական ժամանակ շարունակող Րաֆֆի Հովհաննիսյանին:

«Չեմ հասկանում այդ այցելությունների իրական նպատակը։ Եթե իմանամ կարևոր նշանակություն ունի, ինքս կհամոզեմ Լևոն Տեր-Պետրոսյանին, որ այցելի»:

ԲՀԿ ներկայացուցիչները նույնպես այսօր վստահեցրին, որ ավագանու ընտրություններին «Բարգավաճ Հայաստանը» լրջորեն է վերաբերվում: Այդ ընտրությունները քաղաքական հարթության մեջ է դիտարկում և կրկին չի բացառում ոչ կոալիցիոն ուժերի հետ դաշինք ձևավորելը:
ԲՀԿ քաղաքապետի թեկնածուն նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն է: Նա, ի դեպ, կարծում է, որ մինչև ընտրությունները ոչ իշխանական ուժերի չմիավորվելը ընդդիմադիրների համար անդառնալի  հետևանքներ չի ունեցել:

«Կարծեք թե սա ավելի լավ տարբերակ է, յուրաքանչյուրն ունի իր էլէկտորատը և կարծում եմ, որ  յուրաքանչյուրիս առանձին վերցրած ձայների հանրագումարն ավելի մեծ հակակշիռ կլինի ու հնարավոր կլինի ավելի ընդգրկուն կոալիցիա կազմել»:

Նույն խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ իր հերթին քաղաքական ամբարտավանություն որակեց այն հայտարարությունները, թե առաջին տեղը Հանրապետականինն է և որ իշխող ուժը չի զիջելու քաղաքապետի պաշտոնը:
Այս դիտարկումը երեկ արել էր ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:  Նույն դիտարկումն այսօր արեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, իսկ ամբարտավանություն որակմանն արձագանքեց.
«Իրենք էլ կարող են ասել, որ Հանրապետականը չորրորդ տեղ կընկնի, այդտեղ  ի՞նչ ամբարտավանություն կա: Դրանք պրագնոզներ են, որ յուրաքանչյուրը կարա անի։ Ինչի՞ են անպայման վախենում Հանրապետականի հայտարարությունից: Հետո ենթադրենք երկրորդ կամ երրորդ տեղն ընկնի Հանրապետականը, էս քաղաքի վիճակն ի՞նչ պիտի լինի»։

Back to top button