Սպորտ
Կարևոր

Ինչպես են անցնում ConiFA-ի խաղերը

Story Highlights
  • Բաց դռներով եւ ամուր դարպասներով՝ Արցախը հյուրընկալում է ConiFA-ի՝ Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիաի 2019 թվականի Եվրոպայի առաջնությունը

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ

Բաց դռներով եւ ամուր դարպասներով՝ Արցախը հյուրընկալում է ConiFA-ի՝ Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիաի 2019 թվականի Եվրոպայի առաջնությունը: Խաղերը ուղեկցվում են հետաքրքիր մշակութային ծրագրով. բացման արարողությանը մասնակցել են հայաստանյան և համաշխարհային էստրադայի ներկայացուցիչներ. Անդրեն, Սիրուշոն, Մոնոլոն և այլք:

Երեկ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել Անդրեի մենահամերգը: Կազմակերպիչները համերգային և մշակութային այլ միջոցառումներ խոստանում են ամեն օր:

Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում շաբաթ օրը կայացած տեսարժան բացման շոուից հետո, երեկ տեղի են ունեցել առաջին խաղերը:

ConiFA-2019-ի խաղերը համարյա միաժամանակ տեղի են ունենում Արցախի չորս մարզադաշտերում՝ այս պահին Ասկերանում ընթանում է Սեկեյի մարզ-Արևմտյան Հայաստան մրցապայքարը, րոպեներ առաջ Մարտակերտում սկսվել է Սապմի Աբխազիա, Մարտունում՝ Չամերիա-Արցախ հանդիպումը: Ստեփանակերտի մարզադաշատը պատրաստվում է րոպեներ հետո ընդունել Հարավային Օսիա-Պադանիա խաղը:

Այս բոլոր թիմերը երեկ առաջին հանդիպումներն են անցկացրել: Ա խմբում Աբխազիայի և Չամերիայի խաղն ավարտվել է 3-1 հաշվովհօգուտ Աբխազիայի: Արցախի թիմը 3-2 հաշվով Սապմիի թիմին: Բ խմբում առաջնության առաջատար համարվող Պադանիայի թիմը հաղթել է Սեկեյի մարզի թիմին: Արևմտյան Հայաստանը Հարավային Օսիայի հետ խաղում պարտություն է կրել 1-2 հաշվով:

Արցախում, թեկուզև ՖԻՖԱ-ի կողմից չճանաչված ֆեդերացիաների ասոցիացիայի առաջնության անցկացումն աննկատ չի անցել Ադրբեջանի համար: Դեռ մինչև առաջնության մեկնարկը փորձ է արվել խոչընդոտել թիմերի Արցախ ժամանելուն: Կազմամերպիչներն արդեն Ստեփանակերտում ընդգծում են .«Սպորտը միավորող ուժ պիտի լինի, ոչ թե տարանջատող՝ այս սկզբունքով են կազմակերպվում Կոնիֆայի խաղերը»:

ConiFA-2019-ի գլխավոր քարտուղար Սաշա Դյուրկոպի խոսքով՝ Ադրբեջանի դեսպանատունը Բեռլինում կապվել է իրենց հետ: «Նրանք փորձել են խոչընդոտներ ստեղծել: Կապվել են և մեզ հետ և մասնակից թիմերի հետ: Խնդրել են առաջնությունը չեղյալ հայտարարել: Բեռլինում Ադրբեջանի դեսպանատունն էր շատ ակտիվ: Սակայն բոլոր ջանքերը զուր անցան»:

Դյուրկոպն ասում է, որ քաղաքականությունը չպետք է մարդկանց դուրս թողնի սպորտից և իրենց կազմակերպությունը գործում է այդ սկզբունքով:

«Միամտություն է մտածել, որ քաղաքականությունը և սպորտը կապված չեն իրար: Որտեղ մարդիկ, այնտեղ քաղաքականություն, որտեղ քաղաքականություն, այնտեղ ազդեցության լծակներ: Այնուամենայնիվ մեր փիլիսոփայությունն այն է, որ քաղաքականությունը երբեք չպետք է մարդկանց հեռացնի կամ դուրս թողնի սպորտից: Եթե Ֆիֆան ասում է՝ դուք որտեղից եք, որ երկրից եք, մենք նման հարցադրում չենք անում: Մենք հավատում ենք մարդկանց և հարգում ենք նրանց իրավունքը ծածանելու այն դրոշը, որը ուզում են»:

ֆուտբոլային թիմերն Արցախ են ժամանել 8 երկրներից: Նրանք բոլորն էլ իրենց ինքնության համար պայքարող ժողովուրդների են ներկայացնում: Հայտագրված, բայց չժամանած թիմերից են Լուգանսկի և Դոնեցկի թիմերը, Նիցցայի կոմսության թիմը:

Ի դեպ առաջին անգամ է, որ Կոնիֆայի Եվրոպայի առաջնությունը անցկացվում է 4 մարզադաշտում՝ 13-14 հազար հանդիսատեսով: Ուղիղ հեռարձակումների շնորհիվ խաղերը դիտելու հնարավորությունը բազմապատկվում է: Կազմակերպիչներն ասում են, որ Արցախը նշաձող է սահմանել հետագա առաջնությունները հյուրընկալողների համար:

Կարդացեք նաև

Back to top button