Իր հեռանալով Շառլն ինձ վերադարձրեց հայկական բեմ. Վարդան Պետրոսյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում երեկ կայացավ «Քեզ համար Ազնավուր» համերգը:
Շուրջ վեց տարվա ընդմիջումից հետո երևանյան բեմում էր նաև Վարդան Պետրոսյանը:
«Իր հեռանալով Շառլն ինձ վերադարձրեց հայկական բեմ»,-ինչպես երեկ՝ բեմում, այնպես էլ այսօր Ռադիոլուրի հետ զրույցում ասել է Վարդան Պետրոսյանը: Սիրված դերասանի, այսպես ասած, մեծ վերադարձը երևանյան բեմ տեղի կունենա ամռանը՝ «Իմ կիսատ թողած երգը» ներկայացումով:
Երևան. օպերային թատրոն, «Քեզ համար Ազնավուր» համերգն է, իսկ բեմում՝ Վարդան Պետրոսյանը՝ շուրջ վեց տարվա լռությունից հետո: Սկզբում երգեց որդու՝ Հայկ Պետրոսյանի հետ, ապա խոստովանեց. «Իր հեռանալով Շառլն ինձ վերադարձրեց հայկական բեմ»:
«Ինչպես ասում են՝ կա քարերը նետելու և քարերը հավաքելու ժամանակ, ես այդպես էի զգում և մտածում, բայց իր հեռանալով Շառլն ինձ վերադարձրեց հայկական բեմ»,-ասում է Վարդան Պետորոսյանը: Ազվանուրը նրան ուղեկցել է գրեթե ողջ կյանքում, երբ լսում, հետո նաև կատարում էր նրա երգերը, անգամ նմանակում, երբ պարզեց, որ ձայնն էլ մի քիչ նման է Ազնավուրի ձայնին:
Տևական դադարից հետո բեմում նրա զգացողությունների մասին, հարցին ի պատասխան դերասանն արձագանքում է.
«Հենց բարձրանում ես բեմ, սկսվում է աշխատանքը, հակառակ դեպքում՝ ինչ-որ մի բան կկոտրվի, կձախողվի, կկորչի արվեստը: Բեմը աշխատատեղ է, բայց երբ արտիստը սիրում է բեմը, զգում է ինչպես ձուկը ջրում: Այդ բուռն սիրո և երանության մեջ է, որ երեկ ապրում էի, բայց մի ուրիշ Վարդան ականջս ձգած պահում էր, որպեսզի չտրվեմ զգացմունքներիս»,-ասում է դերասանը:
Ներկայացումը, որով Վարդան Պետրոսյանը նախատեսել էր ու վերադառնալու է հայաստանյան բեմ կոչվում է «Իմ կիսատ թողած երգը»: Այն նրա կալանքի ու բանտում անցկացրած շրջանի մասին է:
«Երևի մազերս մի քիչ սպիտակեցին, Աստծո նվերն էր: Ինչքան էլ դառն ու դժվար ժամանակ էր, ես այդ ճանապարհը պիտի անցնեի»:
Վարդան Պետրոսյանի ընդհատված ու շարունակվող երգի, գործի, ասելիքի հիմնական հասցեատերն այսուհետ նոր սերունդն է, նրա բնորոշմամբ՝ հաղթած սերունդը, որին սեր է տալու, որովհետև նրա պատկերացմամբ՝ հենց դա է արվեստագետի առաքելությունը: Սեր է տալու, որով սնվելու է և՛ տնտեսագետը, և քաղաքագետը….բոլորը: