ԿարևորՔաղաքական

Հոկտեմբերի 27-ի գործը պետք է վերաբացվի. պնդում են զոհերի հարազատները

Պաշտոնյաներն ու քաղաքական գործիչներն այսօր Եռաբլուրում եւ ԱԺ բակում հարգել են 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը:

Երկրում նոր իրողությունների հաստատմանը զուգահեռ, կարծես նոր ժամանակներ են գալիս նաեւ այս քրեական գործի համար: Թեեւ գործը փակվել է, 7 մարդ դատապարտվել, բայց մինչ օրս չպարզաբանված բազմաթիվ հարցեր կան:

Չի բացառվում, որ այս քրեական գործը ապագայում կրկին օրակարգային դառնա:

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից 19 տարի անց զոհերի հարազատները պնդում են՝ անհրաժեշտ է վերաբացել գործը եւ հասնել նրան, որ այլեւս չպարզաբանված հարցեր չմնան:

Այսօր գործի վերաբացման անհրաժեշտության մասին խոսեցին հոկտեմբերի 27-ին զոհված վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը եւ նույն ոճրագործության ժամանակ զոհված ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը:

Ահաբեկչության զոհերի հարազատներն այսօր ԱԺ-ում հանդիպեցին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եւ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ: Զոհվածների հուշաքարի մոտ ծաղիկներ դնելուց եւ հիշատակը հարգելուց հետո միասին բարձրացած ԱԺ նախագահի աշխատասենյակ: Ինչ զրուցեցին եւ «Հոկտեմբերի 27-ի» գործը վերաբացելու համար ինչ հնարավորություն կա ՝ հանդիպումից հետո լրագրողներին պարզաբանեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի կարծիքով՝ այսօրվա դրությամբ գործի վերաբացման համար կա միակ կարճ ճանապարհը:

«Այժմ քննվում է Մարի 1, զուգահեռ նաեւ կարող է բացահայտում լինել հոկտեմբերի 27-ի վերաբերյալ: Կարծում եմ պետք է վերաբացվի, որովհետեւ կարճված մաս կա»:

19 տարի առաջ այս ոճրագործությանը տրվեցին տարբեր գնահատականներ՝ գերակշռողն այն էր, որ «ահաբեկչության ճանապարհով՝ հեղաշրջման փորձ» արվեց, ուստի համարվեց, որ գործը շատ պարզ է՝ «ուչաստկովիի» մակարդակի է եւ հեշտ է բացահայտվելու: Իրականում, մինչ այսօր վարկածները շատ են, պատասխաններ դեռ չկան: Զոհերի հարազատներից յուրաքանչյուրը փորձում է գոնե իր համար գտնել «Ո՞ւմ էր ձեռնտու» հարցի պատասխանը:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր բացառեց, որ հետագայում Հայաստանում քաղաքական հարցերը հնարավոր կլինի լուծել ուժի գործադրմամբ: Այսօր նա հատուկ զգուշացրեց:

Վիճակագրությամբ կամ չոր թվերով. 1999 թվականի հոկտեմբերի 27-ին զոհ գնաց ութ մարդ, այդ թվում երկրի երկրորդ եւ երրորդ դեմքերը՝ Ազգային ժողովի նախագահն ու վարչապետը: Քրեական գործով դատապարտվեց 7 անձ՝ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ:

Դատապարտվածներից երեքը մահացան՝ հանցախմբին զենք վաճառած էլեկտրիկ Նորայր Եղիազարյանը էլեկտրահարվեց, Հունանյանների քեռին՝ Վռամ Գալստյանին Նուբարաշենի մեկուսարանում կախված գտան, ոճրախմբի անդամ Համլետ Ստեփանյանը հանկարծամահ եղավ: Գործով մի շարք վկաներ նույնպես մահացան ավտովթարներից կամ ինքնասպանության միջոցով:

Back to top button