Քաղաքական

Հեռացող դեսպանի հայտարարություն. Փաշինյանը՝ Միլսի հայտարարության մասին


Մինչ ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսի Հայաստանից հեռանալը, հայերիս համար ոչ ականջահաճո հայտարարություններ է արել, մասնավորապես կիրառելով «օկուպացված տարածքներ» արտահայտությունը:

Քաղաքագետները նման ձևակերպումները ղարաբաղյան խնդրից անտեղյակության հետևանք են որակում, ՀՀ վարչապետի պաշտոնակատարն էլ այն համարում է հեռացող դեսպանի հայտարարություն:

 

Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտած ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը EVN Report-ին տված հարցազրույցում ասել է, թե  զարմացած էր, երբ առաջին անգամ եկավ Հայաստան և պարզեց, որ հայերի մեծամասնությունը կտրականապես դեմ է, իր ձևակերպմամբ, օկուպացված տարածքների վերադարձին` որպես բանակցային գործընթացի մի մաս: 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո, ըստ դեսպանի, ավելի է սրել հայերի այդ մոտեցումը, սակայն, Ռիչարդ Միլսի կարծիքով, դաժան իրականությունն այն է, որ ցանկացած կարգավորում պահանջելու է  տարածքների որոշակի մասի վերադարձ:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ արդեն նախկին դեսպանի այս հայտարարությունը համարում է հեռացող դեսպանի հայտարարություն.

«Հեռացող դեսպանի հայտարարությունը կարելի է համարել հեռացող մեսիջ»:

Արցախցի քաղաքագետ Հրաչյա Արզումանյանը զարմանալի չի համարում Ռիչարդ Միլսի հայտարարությունը։ Դրա մասին գրված է նաև մադրիդյան սկզբունքներում՝ ասում է։ Միաժամանակ նկատում է՝  մադրիդյան սկզբունքներն արդեն մեռած են, և թավշյա հեղափոխությունից հետո նոր մոտեցումներ են առաջադրվում։

ԱՄՆ նախկին դեսպան Միլսի  այս հայտարարությունը ցույց է տալիս, որ դիվանագետը չի հասկացել, թե ինչու տեղի ունեցավ արցախյան գոյապայքարը՝ ասում է:

Այն դեպքում, երբ Ադրբեջանի նախագահ Ալիևը բարձրաձայնում է Երևանին անգամ տիրանալու նկրտումների մասին՝ հայկական կողմը ապրելու պայքար է մղում, սա պետք է բացատրել միջազգային հանրությանը՝ մշտապես պնդում են փորձագետները:

Նոր սկզբունքներ ու նոր մոտեցումներ են անհրաժեշտ ղարաբաղյան խնդրի կարգավորման համար, պնդում է արցախցի քաղաքագետը՝ մատնացույց անելով օրինակ Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախը բանակցային կողմ դարձնելու մոտեցումը:

Back to top button