Հասարակություն

Արցախը միացավ ֆրանկոֆոնիայի փառատոնին

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ

Արցախը ֆրանկաֆոնիայի փառատոնին միացավ՝ հյուրընկալելով Վալանս քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Նիկոլա Դարագոնի  գլխավորությամբ:

Պաշտոնական հանդիպումները նախագահականում էին եւ Ստեփանակերտի քաղաքապետարանում:

Մշակութային միջոցառումների շարքը կազմակերպել էր Ստեփանակերտի Պոլ էլյուրաի անվան ֆրանկոֆոնիայի կենտրոնը:

Արցախի եւ Ֆրանսիայի խորհրդարանականների, հանրային ու քաղաքական գործիչների ներգրավմամբ  Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակ է գործում: Բարեկամության մոտ մեկ տասնյակ հուշագրեր կան Արցախի և Ֆրանսիայի տարբեր քաղաքների միջև:

Ստեփանակերտի հետ բարեկամացած քաղաքներից մեկն էլ Վալանսն է, որի պատվիրակությունը Ստեփանակերտում էր Ֆրանկոֆոնիայի  փառատոնի շրջանակներում: Ստեփանակերտի ու Վալանսի քաղաքապետեր Սուրեն Գրիգորյանն ու Նիկոլա Դարագոնը հերթական հանդիպումը հարաբերությունների եւ գործնական կապերի հաստատման տեսանկյունից են դիտարկում:

Արդեն մի քանի տարի է, ինչ  Ստեփանակերտի 12 դպրոցներից 9-ում ֆրանսերենը դասավանդվում է որպես երրորդ օտար լեզու:

Արցախցի աշակերտների ֆրանսերենի իմացությունը Վալանսից եկած հյուրերը գնահատում են մայրաքաղաքի առաջին դպրոցում: Բաց դասերի ընթացքում երեխաներն իրենց անմիջականությամբ ու գիտելիքներով  զարմացրեցին հյուրերին:

Վալանսի փոխքաղաքապետ Ֆրանկ Դիրածոնյան-Դոմաս:

«Տեսնում ենք երեխաների նվիրումը, ֆրանսերեն սովորելը, ինչը թույլ կտա ավելի ամուր կապեր հաստատել»։

Վալանսի փոխքաղաքապետն Արցախում էր նաեւ երեք տարի առաջ, ասում է, որ Ստեփանակերտում տեղի ունեցած դրական փոփոխությունները նկատել է ժամանման պահին: Տեսածը հիմք է պնդելու, որ իրենք  արցախցիներից շատ բան ունեն սովորելու:

«Ես մտածում եմ, որ շատ բան ունենք սովորելու ձեզանից: Դուք կառուցել, վերակառուցել եք ձեր երկիրը եւ շարունակում եք, չնայած այն դժվարություններին, որ կան, այն բարդություններին, որ ունեք սահմանին»:

Ֆրանկ Դիրածոնյան-Դոմասի խոսքով` սահմանին տիրող իրավիճակը խոչընդոտ չէ, որ ամեն անգամ Արցախ այցելող պատվիրակության կազմն ընդլայնվի, նոր մարդիկ ներգրավվեն:

«Չեն վախենում: Ընդհակառակը: Այնտեղ պլակատի վրա գրված է Ֆրանսիան հեռու է, բայց նաեւ շատ մոտիկ է մեզ: Ես նույնը կասեմ Վալանսի համար. Վալանսը հեռու է, բայց մենք հոգով սրտով ձեզ հետ ենք: Երբ գալիս ես Արցախ, չես կարող անտարբեր մնալ զգացմունքները շատ են: Շատ»:

Ստեփանակերտի եւ Վալանսի քաղաքապետարանների պատվիրակները նաեւ ծաղիկներ խոնարհեցին Շառլ Ազնավուրի հիշատակին: Կենտրոնի ճեմասրահում ֆրանսիական քաղաքակրթությանը նվիրված ձեռքի աշխատանքների եւ նկարչական ցուցահանդես է կազմակերպվել Արցախի կրթական ու մշակութային օջախների սաների մասնակցությամբ։

Վալանսի քաղաքապետը հադրութցի փոքրիկների նվերը հայրենիք կտանի. երեխաներն արցախյան գինու շիշը փարիզյան ուլունքաշարով էին զարդարել։ Արցախում առաջիկա շաբաթվա ընթացքում ֆրանսիական նոր պատվիրակությունների են սպասում:

Back to top button