Կիպրոսի կառավարությունը ֆինասական ճգնաժամից դուրս գալու այլընտրանքային ծրագիր է պատրաստել
Կիպրոսի կառավարությունը պատրաստել է ֆինասական ճգնաժամից դուրս գալու այլընտրանքային ծրագիր, որը նախագահ Նիկոս Անաստասիադիսն այսօր կներկայացնի խորհրդարանական կուսակցությունների առաջնորդներին:
Կիպրոսի բանկերը, որոնք փակ են դեռ շաբաթ օրվանից դեպոզիտների հարկման հետ կապված որոշման պատճառով, չեն աշխատի մինչև մարտի 26-ը: Ավելի վաղ կառավարությունը քննարկել էր ֆինանսական այդ հաստատություններն արդեն այսօր բացելու հնարավորությունը, սակայն միաժամանակ պլանավորել էր սահմանափակել բանկային կապիտալի շարժը: Հիշեցնենք, որ Կիպրոսի խորհրդարանը նախօրեին չէր հաստատել բանկային դեպոզիտների ստիպողական հարկման մասին օրինագիծը:
Առաջարկվող օրինագծի համաձայն նախատեսվում էր 20-100 հազար եվրո ավանդների համար հաստատել 6.75, իսկ դրանից ավելի մեծ գումարների համար 9.9 տոկոս հարկ: Դեպոզիտների հարկման մասին նախնական որոշումը կառավարությունը ընդունել էր Եվրամիության պահանջով, սակայն ավանդատերերի շրջանում այն առաջացրել էր մեծ խուճապ, վտանգի տակ դնելով Կիպրոսի ֆինանսական համակարգը: Դեպոզիտների հարկումը ֆինանսական համակարգի փրկության համար Կիպրոսի բյուջեին կարող էր տալ 5.8 միլիարդ եվրո: Եվրախումբը հայտարարել է, որ եթե Կիպրոսի կառավարությանը հաջողվի այդքան գումար հավաքել, կստանա 10 միլիարդ եվրո վարկ: