Արևադաշտն ինքնուրույն զարգանալու հեռանկար չունի
Եթե անծանոթը որևէ տրանսպորտային փոխադրամիջոցով փորձի հասնել Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղ, ապա կմոլորվի և մեծ շրջապտույտ կատարելով մինչև պետական սահման ձգվող մայրուղով՝ նորից կհայտնվի այն տեղում, որտեղից մեկնել էր, քանի որ ճանապարհներին չկան ուղեցույց ցուցատախտակներ: Արևադաշտը զբաղեցնում է շուրջ 150 հա տարածք, բայց այն ամբողջությամբ բնակեցված չէ, գյուղը փռված է, թաղամասերն՝ իրարից շատ հեռու: Համայնքն ունի ընդամենը 78 տնտեսություն մոտ 400 բնակչով: Բնակչության սոցիալական վիճակն ավելի ծանր է, որի պատճառով հեռացողները շատ են: Արևադաշտ համայնքի ղեկավար Հովսեփ Օհանյանը չհերքեց փաստը՝ ապրելու պայմանները սուղ են:
Այգիների ու դաշտերի մեջ ծվարած գյուղում խանութ չկա: Նախկինում եղել է, սակայն պարտքերի չվճարման պատճառով՝ փակվել: Գյուղացիները ոտքով կամ մեքենայով հասնում են հարևան գյուղ և առևտուր անում:
Դժվարություններն անտեսելով և մատաղ սերնդի կրթությունը կարևորելով դպրոցի տնօրեն Նազիկ Բաբայանն արդեն 12 տարի աշխատում է Արևադաշտում, սկզբում փայտաշեն, իսկ հիմա նորակառույց դպրոցում, ասում է՝ սիրով է գալիս:
Արևադաշտի հողերի զգալի մասը՝ 2317 հա-ը սեփականաշնորհել է Էդուարդո Էռնեկյանը և քարքարուտներում հիմնել օազիս: Նա համայնքում կառուցել է մանկապարտեզ, որն աշխատում է Մայր Աթոռի հովանավորությամբ: Մանկապարտեզն ունի 2 խումբ 45 երեխայով, ապահովված է ջեռուցմամբ, տաք ու սառը ջրով, մանկական սանհանգույցներով: Երեխաների հաճախումն անվճար է, տեղեկացրեց մանկապարտեզի տնօրեն Գայանե Սարգսյանը: Այն ապահովել է նաև 14 մարդու զբաղվածություն՝ նվազագույն աշխատավարձով: