Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր» Ստեփանակերտ
Հետպատերազմյան Արցախում ժողովրդագրական վիճակի բարելավման նպատակով ներդրված ծրագիրը տարիների ընթացքում բազմաթիվ անգամ վերափոխվել է։ Այս տարիներին բազմազավակ ընտանիքների թիվը դարձել ավելի քան յոթուկես հազար։ Ինչպես են ապրում այդ ընտանիքները եւ ինչպես են ծնելիության խթանման ծրագրերը փոխել Արցախի ժողովրդագրական պատկերը։
Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղում բնակվող վեց երեխաների մայրը՝ Ռուզաննան ապակյա տարաներում տեղավորում է բանջարեղենը եւ միաժամանակ զրուցում։ Ասում է, որ էլի պետք է պահածո փակի, քանի որ ձմռան կեսը դրանով է սնվում բազմանդամ ընտանիքը։
Դանելյանները Արցախ տեղափոխվել են Գորիսից: Ամուսինները վեց երեխաների հետ բնակվում են երեք սենյականոց բնակարանում: Վեցերորդ երեխայի ծննդյան կապակցությամբ ստացած միանվագ նպաստը՝ յոթհարյուր հազար դրամը, ընտանիքի հոգսերը թեթեւացրեց՝ սառնարան եւ լվացքի մեքենա գնեցին։
Արցախի աշխատանքի, սոցիալական հարցերի եւ վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը, խոսելով Արցախում արդեն քսան տարի շարունակվող բազմազավակության եւ ծնելիության խթանման ծրագրից, խոստովանում է, որ պետական աջակցություն կա, բայց դա այնքան չէ, որ գայթակղի կամ ստիպի ընտանիքներին ավելի շատ երեխաներ ունենալ։ Միայն պետական նպաստով երեխաների հոգսերը հոգալ, բնականաբար, ընտանիքները չեն կարող։
«Այսօրվա իրավիճակը եթե պահպանվի, իրականում խնդիրներ ենք ունենալու հետագայում, որովհետեւ բնակչության թիվը եւ վերարտադրության այս տեմպերը թույլ չեն տալու տնտեսությունը զարգացնել այն աստիճան կամ ապահովել անվտանգությունը անհրաժեշտ մակարդակի»
Վերջին 20 տարիներին կառավարությունը տարբեր ձեւերով փորձում է խրախուսել բազմազավակությունը։ 1999թ թվականին առաջին արդյունքները գրանցվեցին՝ կրկնապատկվեց ընտանիքներում ծնված չորրորդ եւ հինգերորդ երեխաների թիվը
Ամենագայթակղիչ առաջարկը կառավարությունը ընտանիքներին արեց 2004 թվականին՝ շրջաններում յոթ եւ ավելի երեխա ունենալու դեպքում՝ նոր տուն խոստանալով, տասը եւ ավելի երեխաների դեպքում նաեւ ավտոմեքենա տրամադրելով:
Նախարարն ասում է, որ բազմազավակ ընտանիքների ապրելակերպին վերաբերող հատուկ դիտարկում չունեն: Արցախը շատ փոքր է եւ համարյա յուրաքանչյուր ընտանիքի պատմություն գիտեն: Սոցիալական հավելյալ աջակցության կարիք ունեցողների թիվն առավել է Քաշաթաղի շրջանում, որտեղ բազմազավակները մեծ թիվ են կազմում: Բայց այստեղ էլ այլ խնդիր կա։ Կան երեխաներ, որոնց խնամքը կազմակերպվում է Բերձորի գիշերօթիկում, ասում է շրջանի տարածքային սոցբաժնի պետ Վարդան Բաղդասարյանը: Պատճառը՝ սոցիալական ծանր վիճակում գտնվելով՝ մայրը երբեմն երեխայի հոգսը հանձնում է պետությանը։ Սրան սակայն եզակի դեպքեր են:
Հիմնականում բազմազավակները աշխատավոր մարդիկ են՝ պնդում են պաշտոնյաները: Խնդիրները, որ կան, ընդհանուր են բոլոր ընտանիքների համար, բազմազավակների դեպքում դրանք խտանում են: Արցախում այսօր ամենասուրը բնակարանային հարցն է։ Տուն պետությունը հատկացնում է այն ընտանիքներին, որոնք 5 անչափահաս երեխա ունեն: Քսան տարվա ընթացքում բազմազավակ ավելի քան 7,5 հազար ընտանիքից բնակարանի իրավունք է ստացել 522-ը, 82 շահառու սպասում է իր հերթին: Նրանցից մեկն ապրում է Ասկերանի շրջանի Քռասնի գյուղում. Մարինեն եւ Դավիթը վեց երեխաների հետ ապրում են բարեկամի կիսակառույց տանը եւ արդեն երկու տարի հետեւում են իրենց համար կառուցվող տան շինարարությանը, բազմազավակ ընտանիքի կերակրողը հայրն ու երկու մեքենաներն են:
Իսկ ահա Մուսայելյանների համար բնակարանը կառուցվել է ոչ թե հարազատ գյուղում՝ Մուշկապատում, այլ հարեւան Վարանդայում, որի հարեւանությամբ գտնվում է ընտանիքի անասնապահական տնտեսությունը: Մի հարկի տակ տարիներ շարունակ երկու բազմազավակ եղբայրներով են բնակվել՝ ասում է Մխիթարը:
Մեկնարկից ի վեր բազմազավակության եւ ծնելիության ծրագիրը մի քանի անգամ վերանայվել է, սակայն ժողովրդագրության մեջ էական բեկում չի արձանագրված: «Այսօրվա իրավիճակը եթե պահպանվի, իրականում խնդիրներ ենք ունենալու հետագայում, որովհետեւ բնակչության թիվը եւ վերարտադրության այս տեմպերը թույլ չեն տալու տնտեսությունը զարգացնել այն աստիճան կամ ապահովել անվտանգությունը անհրաժեշտ մակարդակի»,- ասում է աշխատանքի, սոցիալական հարցերի եւ վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը։
Նա հասկանում է՝ ժողովրդագրական ցուցանիշների բարելավման համար նոր մոտեցումներ են անհրաժեշտ, այդ թվում պատերազմի օրերին օտարության մեջ հայտնված արցախցիների հայրենադարձությունը խթանելը։ Եվ այս առումով՝ պետական ծրագրերը պետք է ուղղված լինեն աշխատատեղերի ստեղծմանն ու նոր բնակարանների շինարարությանը: