Քաղաքական

Ի. Ալիևի հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ հրադադարի ռեժիմի խախտումները կանխելու վերաբերյալ

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ շփումը ոչ ֆորմալ էր, ըստ էության, դա մեր առաջին հանդիպումն էր: Մենք պայմանավորվեցինք, որ մեր Պաշտպանության նախարարներին հանձնարարություն տանք կոնկրետ քայլեր ձեռնարկել սահմանագծում և ընդհանրապես լարումն իջեցնելու վերաբերյալ, սահմանային միջադեպերը կանխելուն ուղղված քայլեր են դրանք»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ալիևի հետ  կայացած հանդիպման ժամանակ ունեցած զրույցին, որը տեղի ունեցավ նախօրեին՝ ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում:

ՀՀ վարչապետն ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանի  և շփման գծի Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմի խախտումները կանխելու վերաբերյալ միջոցներ կիրառելու պայմանավորվածություն ձեռք բերվելու հարցն է նաև քննարկվել:

Իլհամ Ալիևի հետ պայմանավորվել են նաև, որ օպերատիվ կապի որոշակի կոմունիկացիա պիտի ստեղծվի, ինչպես նաև խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների միջոցով:

Ն. Փաշինյանը նշել է, որ իր վարչապետ ընտրվելուց հետո երեկվա գիշերը սահմանային դրությունն ամենահանգիստն է եղել:

«Ընդհանուր քննարկումներ ենք ունեցել, բայց բովանդակային քննարկում չի եղել, քննարկումը եղել է այն մասին, որ կարողանանք կանխել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: Կարգավորման համար անհրաժեշտ է կարգավորման մթնոլորտ, իսկ երբ ամենօրյա ռեժիմով կրակոցներ են լինում, կարգավորման մասին խոսելն այդքան էլ տրամաբանական չի լինում: Ես ուրախ եմ, որ այդ պայմանավորվածությունները ձեռք բերվեցին, և ես հույսով եմ, որ դրանք կպահպանվեն: Մենք մեր կողմից ամեն ինչ կանենք, որպեսզի դրանք արդյունավետ լինեն»,-ասել է նա:

 

Back to top button