Հասարակություն

Ադրբեջանը փորձում է բարենպաստ հող նախապատրաստել նոր ագրեսիայի համար. Մասիս Մայիլյան

Ամեն կերպ ձգտելով մեկուսացնել Արցախը՝ Ադրբեջանը փորձում է իր համար բարենպաստ հող նախապատրաստել՝ Արցախի դեմ նոր ագրեսիա սանձազերծելու համար, ինչը սպառնալիք է ոչ միայն երկու հայկական պետությունների, այլև ողջ տարածաշրջանի համար՝ ԱՐՑԱԽՊՐԵՍ-ի փոխանցմամբ հայտարարել է Արցախի Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավար Մասիս Մայիլյանը Արցախի Բերձոր քաղաքի հետ բարեկամական հարաբերություններ հաստատած ֆրանսիական Ալֆորվիլ քաղաքի պատվիրակության ու այն գլխավորող  քաղաքապետ Միշել Ժերշինովիչի հետ հանդիպման ժամանակ։

Նախարարն ընդգծել է օտարերկրյա պետությունների հետ տարբեր մակարդակներով հարաբերությունների հաստատման և աշխարհագրության ընդլայնման կարևորությունը՝ Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից հետևողականորեն տարվող մեկուսացման քաղաքականությանը դիմագրավելու տեսանկյունից։

Մասիս Մայիլյանը ողջունել է պատվիրակության անդամների այցն Արցախ՝ վերաստորագրելու Բերձորի և Ալֆորվիլի միջև բարեկամության հռչակագիրը, ինչը, նրա գնահատմամբ, վերահաստատում է երկուստեք հանձնառությունը՝ խորացնելու և ընդլայնելու բարեկամական հարաբերություններն ու տարբեր ոլորտներում համագործակցությունը։

Հանդիպման ընթացքում Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքական առաջնահերթությունները՝ անդրադարձ կատարելով նաև Արցախի միջազգային ճանաչման և ապակենտրոնացված համագործակցության գործընթացում արձանագրված ձեռքբերումներին։

Քաղաքապետ Միշել Ժերշինովիչն իր հերթին վերահաստատել է Ալֆորվիլի քաղաքային իշխանությունների պատրաստակամությունը՝ խորացնել և ընդլայնել Բերձոր քաղաքի հետ մշակույթի, սպորտի, կրթության և տեղական ինքնակառավարման ոլորտներում համագործակցությունը՝ նշելով, որ պատվիրակության այցելությունն Արցախ լրացուցիչ առիթ է՝ քննարկել և նախանշել երկկողմ կապերի զարգացմանն ուղղված հետագա անելիքները։

Back to top button